19 հունիսի 2009 - 19:00 AMT
Հայաստանի վարչապետը ԼՂՀ-ում մասնակցելու է Bridge Artsakh տնտեսական համաժողովին
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կժամանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` մասնակցելու հունիսի 20-21-ը տեղի ունեցող Bridge Artsakh տնտեսական համաժողովին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Համաձայն հաղորդագրության, այցի ընթացքում նախատեսվում է Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության հանդիպումը ԼՂՀ կառավարության անդամների հետ:

Հայկական պատվիրակության կազմի մեջ մտնում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ֆինանսների նախարար Ներսես Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

Bridge Artsakh ֆորումի անցկացման նպատակն է ծանոթանալ Հայաստանի եւ այլ պետությունների գործնական եւ քաղաքական շրջանների հետ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական պոտենցիալի հետ: