
«Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչ իրավական գործընթացների միջոցով է հնարավոր դարձել Սամվել Կարապետյանի թեկնածության առաջադրումը վարչապետի պաշտոնում՝ հղում անելով Սահմանադրության 148-րդ հոդվածին։
Իրավաբան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ Սահմանադրության 148-րդ հոդվածը չի դասվում անփոփոխելի դրույթների շարքին, և դրա վերանայման համար հանրաքվե չի պահանջվում, քանի որ սահմանված են ավելի ճկուն մեխանիզմներ, հայտնում է Panorama.am-ը:
«Անհրաժեշտ է ԱԺ կողմից փոփոխությունների տեքստի ընդունում։ Քվեարկության ժամանակ այն պետք է հավաքի պատգամավորների թվի 2/3-ի ձայները»,-ասել է Սահակյանը։
Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը նույնպես ընդգծել է, որ 148-րդ հոդվածով վարչապետի թեկնածուին ներկայացվող պահանջները կարող են վերանայվել առավել պարզ ընթացակարգով՝ Ազգային ժողովի կողմից։
Նարեկ Կարապետյանն, անդրադառնալով հարցին, ասել է․ «Սահմանադրության 148 հոդվածը սահմանում է, թե ով կարող է լինել մեր երկրի վարչապետը։ 148 հոդվածը փոփոխվում է խորհրդարանի միջոցով, ոչ թե հանրաքվեով։ Իսկ ի՞նչ ընտրություններ են սպավում հունիսի 7-ին մեր երկրում»:
Ներկայացվել է նաև հոդվածի բովանդակությունը։
Հոդված 148 հոդված. Կառավարության անդամին ներկայացվող պահանջները
Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ընտրություններից 20 օր անց գումարվելիք Ազգային ժողովի առաջին նիստում անմիջապես հանդես են գալու համապատասխան օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ։
«Ժողովրդի վստահությամբ և Ազգային ժողովի մանդատով թույլ տանք միայն մեկ՝ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ Հայաստանի վարչապետ, այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի»,-ասել է նա:
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: