14 փետրվարի 2026 - 11:09 AMT
Ալիևը մերժել է Արցախի ղեկավարներին «ներում շնորհելու հնարավորությունը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում, պատասխանելով France 24 հեռուստաալիքի թղթակցի հարցերին, մերժել է Արցախի ղեկավարներին «ներում շնորհելու հնարավորությունը»:

Նա հաստատել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է հայ գերիների հարցը Բաքու այցի ժամանակ՝ հավելելով, որ ինքը շարադրել է Բաքվի դիրքորոշումն այդ հարցում, և դրանով քննարկումն ավարտվել է, հայտնում է Minval.az-ը:

«Նրանք անջատողական կառույցի ղեկավարներն են, որը ապօրինի գործել է մեր տարածքում՝ ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետության տարածքում, որը ճանաչվել է ամբողջ միջազգային հանրության կողմից, ներառյալ Հայաստանը։

Երկար տարիներ այս մարդիկ եղել են ադրբեջանցիների և Ադրբեջանի դեմ ուղղված բոլոր ռազմական հանցագործությունների ներշնչողները, և նրանք ենթարկվել են պատասխանատվության։ Նրանք ձերբակալվել են Ղարաբաղում մեր ռազմական գործողության արդյունքում և ենթարկվել են պատասխանատվության։ Նրանց տրամադրվել են փաստաբաններ։ Դատավարությունն անցկացվել է լիովին թափանցիկ։ Նրանց հանցագործությունները ապացուցվել են բազմաթիվ վկաների ցուցմունքներով։ Իսկ նրանց նկատմամբ որևէ իրավախախտման կատարման մասին խոսք անգամ լինել չի կարող», - ասել է Ալիևը:

Արցախի ղեկավարներին ներում շնորհելու վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան Ալիևը համեմատություն է տարել Նյուրնբերգյան դատավարության հետ՝ ասելով, թե նրանք «նույնիսկ ավելի վատ հանցագործություններ են կատարել, քան նացիստները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։