
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը, պատասխանելով եկեղեցուն անվանարկող հայտարարությունների մասին հարցին, որը ԱԺ նախագահը հնչեցրել է ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում, հորդորել է «հիմնազուրկ հայտարարություններ անող անձանց ընդունել մեղքը», հայտնում է «Փաստինֆոն»:
«Հորդորում ենք հիմնազուրկ հայտարարություններ անող անձանց ընդունել մեղքը և անպատասխանատու հայտարարություններ չանել։ Պահքի շրջանում սա առավել քան կարևոր է։ Այդկերպ մտացածին ու անհասցե մեղադրանքների համար դատական ատյաններ դիմելու անհրաժեշտություն էլ չի առաջանա»,-ասել է նա:
Տեր Եսային ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հարցազրույցից հետո տվյալ անձը գրառում է արել, թե ռուսերենի չիմացության հարց կա քննադատողների մոտ։
Ռուսական ընդդիմադիր «Դոժդ» հեռուստաալիքին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տված հարցազրույցում հոգևորականներին վերաբերող հատվածը քննադատության ալիք է առաջացրել: Արձագանքելով իր հասցեին հնչած գնահատականներին՝ Սիմոնյանը հորդորել է «ընդունել անգրագիտությունը կամ դիմել դատարան»:
Հարցազրույցի ընթացքում լրագրող Եկատերինա Կոտրիկաձեն ԱԺ նախագահին հարցրել է. «Գիտեք, որ Ռուսաստանում Ձեզ շատ ակտիվ քննադատում են եկեղեցու հետ դիմակայության համար։ Ինչպե՞ս եք պատասխանում»։ Ի պատասխան՝ Սիմոնյանը նշել է, որ եկեղեցու հետ առճակատում չկա, այլ կա հակազդեցություն այն անձանց նկատմամբ, «որոնք սպասարկում են շահեր, որոնք հաճախ գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս, և առավել ևս սպասարկում են իրենց անձնական, ֆինանսական, ինչպես նաև ինտիմ շահերը»:
«Ուզում եմ մի օրինակ բերել։ Ենթադրենք, որևէ երկրում, եթե պարզվի, որ X անձը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում եկեղեցում, մանկապիղծ է, և եթե դրան արձագանքեն իրավապահ մարմինները կամ որևէ քաղաքական գործիչ հանդես գան մանկապղծության կամ նմանատիպ բանի քննադատությամբ, դա հարձակո՞ւմ կլինի եկեղեցու վրա։ Չի՛ կարելի թաքնվել այս սև փարաջայի տակ և մտածել, որ դա ինդուլգենցիա է, և կարելի է անել այն, ինչ ուզում ես, իսկ երբ քո հետևից գան, դու կասես, որ դա հարձակում է եկեղեցու վրա»,-ասել է Սիմոնյանը: