19 հունիսի 2009 - 22:53 AMT
Հայաստանի խորհրդարանը քվեարկել է համաներման օգտին
Հայաստանի Ազգային Ժողովն այսօրվա արտահերթ նիստին, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության դրույթներով, ընդունել է համաներման մասին նախագահի առաջարկը: «Կողմ» են քվեարկել Հայաստանի ԱԺ 98 պատգամավորներ, մեկը` «դեմ», երեքը ձեռնպահ են մնացել:

Խորհրդարանականները հավանություն են տվել Երեւանում մարտի 1-2-ին իրականացրած հանցագործությունների համար դատված անձանց պատժի ժամկետը կիսով չափ կրճատելու մասին խոսնակ Հովիկ Աբրահամյանի առաջարկը:

ՀՀ Խորհրդարանի որոշմամբ պատիժը կրելուց ամբողջապես ազատվում են առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամները, 60 տարեկանից բարձր բանտարկյալները, անչափահասները, Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցները, Հայաստանի պաշտպանության ռազմական գործողությունների մասնակցած անձինք, բռնադատվածները, ինչպես նաեւ նրանց հավասարեցված անձինք, Հայաստանի պաշտպանության ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների ամուսինները, երեխաները կամ ծնողները:

Առաջարկվող համաներումը տարածվում է նաեւ այն անձանց վրա, որոնք 2008թ. մարտի 1-2 դեպքերի ժամանակ հանցագործություն են կատարել, եւ որոնց սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: