19 փետրվարի 2026 - 15:45 AMT
ԵԽ պատգամավորը ԵՄ-ին հորդորել է քայլեր ձեռնարկել հայ գերիների ազատման համար

Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆեռնանդ Կարտհայզերը կրկին դիմել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարությանը՝ կոչ անելով ավելի հստակ և գործնական միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ։

Նա նախազգուշացրել է, որ հարցը կարող է վնասել Հայաստան–Ադրբեջան խաղաղ գործընթացում արձանագրված փխրուն առաջընթացին, հայտնում է Արմենպրեսը:

Կարտհայզերը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ուղղված նամակում շեշտադրել է, որ Բաքվում անցկացված դատավարությունները քաղաքական դրդապատճառներ ունեն և չեն համապատասխանել օրինականության ու թափանցիկության չափանիշներին։ Եվրախորհրդարանականը ԵՄ-ին կոչ է արել միջամտել՝ նպաստելու պահվող բոլոր հայերի անվերապահ ազատ արձակմանը՝ կարևորելով նաև միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Կարտհայզերի դիմումին ի պատասխան՝ Կայա Կալասի գրասենյակից նշել են, որ ԵՄ-ն հետևել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարություններին։

Պատասխանում ընդգծվել է, որ արդար դատաքննության իրավունքը և կալանքի պատշաճ պայմանները հիմնարար իրավունքներ են, և ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հարգել իրենց միջազգային պարտավորությունները։

Կալասի գրասենյակից նաև հավաստիացրել են, որ ԵՄ-ն շարունակել է խրախուսել կողմերին օգտվել օգոստոսից ի վեր խաղաղ գործընթացում ձևավորված մթնոլորտից՝ լուծելու դեռևս չլուծված հարցերը, այդ թվում՝ հումանիտար խնդիրները։

Կարտհայզերը նախորդ տարվա մարտին ևս բարձրաձայնել է Բաքվում պահվող հայերի հարցը։ Եվրոպական խորհրդարանը շարունակել է օրակարգում պահել Բաքվում ապօրինաբար պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը: