27 փետրվարի 2026 - 16:44 AMT
Բաքվում ՄԹ դեսպանատունը՝ Արցախի շուրջ լսումների մասին․ «Խորհրդարանը կառավարությունից անկախ է գործում»

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, անդրադառնալով Արցախի մշակութային ժառանգության շուրջ լսումներին ՄԹ խորհրդարանի Համայնքների պալատում, հայտարարել է, որ խորհրդարանը կառավարությունից անկախ է գործում և բոլոր հարցերը պետք է ուղղել իշխանության այդ թևին:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ՄԹ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը և աջակցում է ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, հայտնում է APA-ն:

«Հաշվի առնելով տվյալ հարցի նկատմամբ բարձր հետաքրքրությունը՝ մենք անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, թե ինչպես է գործում որոշումների ընդունման համակարգը Մեծ Բրիտանիայում։

Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Բաքվում ներկայացնում է Նորին Մեծություն թագավորի կառավարությունը և արտահայտում է Մեծ Բրիտանիայի կառավարության արտաքին քաղաքական դիրքորոշումները։ Դեսպանությունը հանդես չի գալիս բրիտանական խորհրդարանի անունից, որը Միացյալ Թագավորության սահմանադրական համակարգում հանդիսանում է իշխանության առանձին և անկախ ճյուղ։

Խորհրդարանը գործում է կառավարությունից անկախ, և այնտեղ անցկացվող լսումները, քննարկումները և հետաքննությունները արտացոլում են առանձին պատգամավորների կամ խորհրդարանական հանձնաժողովների դիրքորոշումները, այլ ոչ թե Նորին Մեծություն թագավոր Կարլ III կառավարության պաշտոնական քաղաքականությունը։

Այդ պատճառով դեսպանությունը նպատակահարմար չի համարում մեկնաբանել խորհրդարանական գործընթացների բովանդակությունը կամ ընթացքը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ մնում է հստակ և անփոփոխ:

«Մենք ճանաչում ենք Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և աջակցում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ որպես տևական և կայուն խաղաղության միակ ուղի», — ասվում է հաղորդագրությունում։

Փետրվարի 25-ին Համայնքների պալատում անցկացվել են «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» խորագրով խորհրդարանական հետաքննության լսումները, որոնց ընթացքում քննարկվել են Արցախում հայկական ժառանգության ոչնչացման փաստերը։

Այն նպատակ ուներ ուսումնասիրել 2023 թվականից ի վեր Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը, մինչ այժմ ձեռնարկված իրավական քայլերը, ինչպես նաև արդարության և հաշվետվողականության ապահովման հնարավոր մեխանիզմները։ Առաջին նիստի ընթացքում ելույթ է ունեցել «Արցախի միության» նախագահ, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։