
Իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհը Ադրբեջանում պահվող բոլոր պատանդների ազատ արձակումն է: Այդ մասին ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է 20 տարվա ազատազրկման դատապարտված հայտնի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը:
Նա նշել է, որ հոր հետ հեռախոսով խորհրդակցելուց հետո որոշել են չբողոքարկել դատավճիռը Ադրբեջանում՝ հաշվի առնելով ադրբեջանական դատարանի կողմնակալ և միակողմանի դիրքորոշումը, հայտնում է Panorama.am-ը:
«Ինչպես գիտեք, և սա նաև ընդգծել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, միայն այն փաստը, որ նրա պես քաղաքացիական անձը, որը երբեք չի զբաղեցրել զինվորական պաշտոն, դատվել է ռազմական տրիբունալում, հակասում է միջազգային բոլոր նորմերին։ Հորս միջազգային փաստաբանները չեն կարողացել նրա հետ շփվել երկուսուկես տարի՝ նախնական կալանքի ամբողջ ընթացքում, թույլ են տրվել միջազգային և հենց ադրբեջանական օրենքների բազմաթիվ այլ, կոպտագույն խախտումներ։ Այս ամենը վկայում է, որ տեղի ունեցածն իրական դատաքննություն չի եղել, այլ քաղաքական շոու՝ նախատեսված ներքին լսարանի և, հնարավոր է, նաև որոշ արտաքին դիտորդների համար։ Սա, անկասկած, արդար և օրինական դատավարություն չէր, ուստի հայրս հրաժարվել է մասնակցել դրան»,-ասել է նա:
France 24 -ի լրագրողը հիշեցրել է Ադրբեջանի նախագահի հարցազրույցը, որում նա բացառել էր ներումները:
«Ակնհայտ է, որ մեզ խորապես մտահոգում են այդ խոսքերը (Նյուրնբերգի և ֆաշիզմի հետ համեմատությունը-խմբ)՝ հաշվի առնելով նաև այն, որ մայրս հրեական ծագում ունի և հիմա լսում է այդպիսի կոշտ մեղադրանքներ հորս հասցեին, ով, ինչպես գիտեք, մարդասեր է և, հավանաբար, տարածաշրջանի ամենահայտնի մարդասերը։ Ձեր հեռուստադիտողների համար կարծում եմ կարևոր կլինի նաև նշել, որ Ադրբեջանը մեղադրանքներ է հնչեցնում նաև «Ավրորա» նախաձեռնության հասցեին, որը մարդասիրական մրցանակ է և համահիմնադրվել ու նախաձեռնվել է ոչ միայն հորս, այլև այնպիսի ճանաչված մարդասերների կողմից, ինչպիսիք են երջանկահիշատակ Էլի Վիզելը, Վարդան Գրեգորյանը և այլք։ Ադրբեջանը ահա այս մրցանակը ստեղծած հիմնադրամն անվանում է ահաբեկչական կազմակերպություն:
Այնպես որ, սրանք շատ կոշտ և ուշադրության արժանի մեղադրանքներ են, որոնք չեն հիմնավորվել։ Մենք, իհարկե, հույս ունենք, որ այս հակամարտությունն ի վերջո կկարգավորվի։ Եվ, վերջին հաշվով, այն, ինչ մենք՝ և՛ ադրբեջանցիները, և՛ հայերը, և՛ բոլորը, ուզում ենք, դա տարածաշրջանում իրական և երկարատև խաղաղությունն է: Կարծում եմ, որ դրան հասնելու միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է, նրանց տուն վերադարձնելը, երկրների միջև հարաբերությունների իրական կարգավորումն ու անցյալի բոլոր վերքերն ամոքելը»,-ասել է Վարդանյանը:
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ հնարավոր դերակատարմանն այդ հարցում:
«Գնահատելի են Թրամփի վարչակազմի՝ տասնամյակներ տևած երկարատև հակամարտությունը լուծելուն ուղղված իրական ու էական ջանքերը։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև այն, ինչ նախագահ Թրամփը հայտարարեց օգոստոսի 8-ին, երբ վարչապետ Փաշինյանին ասաց, որ Բաքվում այդ պահին պահվում են 23 հայ քրիստոնյա պատանդներ, և նա կօգնի նաև այս հարցում։ Փոխնախագահ Վենսը Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ բարձրացրել է այս հարցը, հաստատել է դա երկու առաջնորդների հետ իր հանդիպումների ժամանակ։ Կարծում եմ՝ Թրամփի վարչակազմը նույնպես հասկանում է, որ հարաբերությունների կարգավորման գործում շատ կարևոր է նաև պատանդների ազատ արձակումը։
Ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հասնել իրական և երկարատև խաղաղության։ Բայց առանց բարի կամքի, ստորագրված փաստաթուղթն ուղղակի թուղթ է։ Հավանաբար կհիշեք Նևիլ Չեմբերլենի հայտնի լուսանկարը․ թուղթը ոչինչ է, եթե չկան իրական և շոշափելի գործողություններ»,-ասել է Դավիթ Վարդանյանը:
Նրան հարց են ուղղել նաև Մոսկվայի մասին՝ Մոսկվան որևէ ճնշում գործադրո՞ւմ է։
«Հայրս Հայաստանի քաղաքացի է, և մյուս բոլոր հայ պատանդները միայն Հայաստանի քաղաքացիներ են։ Կարևոր հարց եք բարձրացնում․ ի վերջո Հայաստանի կառավարության հիմնարար պատասխանատվությունն ու պարտավորությունն է ապահովել այս բոլոր գերիների ազատ արձակումը։ Եվ խոսքը ոչ միայն հորս, այլև ապօրինի պահվող մյուս 18 հայ պատանդների, նաև անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու մասին է։ Հուսով եմ, որ տարածաշրջանի կարևոր խաղացողներից որևէ մեկը կօգնի լուծել այս հարցը, բայց, վերջին հաշվով, Հայաստանի կառավարության գերագույն պատասխանատվությունն է ապահովել, որ իր քաղաքացիներն անվտանգ վերադառնան տուն»,-ասել է նա:
Նա խոսել է նաև հոր ուղերձի մասին:
«Գիտեք, չնայած բոլոր դժվարություններին, մարտահրավերներին և այն պայմաններին, որոնցում նա հայտնվել է վերջին 860 օրերի ընթացքում, նա շարունակում է շատ լավատես լինել։ Նա միշտ մեզ ասում է, որ չկորցնենք հույսը, հավատարիմ մնանք մեր սկզբունքներին։ Նա հենց դա է անում, չնայած բոլոր այն ճնշումներին, որոնց նա բախվել և բախվում է։ Այդ դժվարությունների բեռի տակ հեշտ է հրաժարվել համոզմունքից, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համագոյակցեն իրապես երկարատև խաղաղության պայմաններում, որը հիմնված կլինի փոխադարձ հարգանքի վրա։ Բայց հայրս հավատարիմ է իր սկզբունքներին և կոչ է անում մեզ ևս չտրվել վախին և շարունակել պաշտպանել ճշմարտությունը` չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում, ու անկախ նրանից, թե որքան դժվար է։ Նա շարունակում է լավատես լինել, ոչ մեկի նկատմամբ որևէ զայրույթ չի տածում, և անկեղծորեն հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան, որպես հարևաններ, գտնել համագոյակցելու ձև»,-ասել է Դավիթ Վարդանյանը:
Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Վարդանյանին։ Amnesty International-ը Վարդանյանի դատավճիռն արդարադատության նկատմամբ ծաղր է որակել: Ջարեդ Գենսերը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հայ գերիների ազատ արձակմանը նպաստելու իր հրապարակային խոստումը։