27 փետրվարի 2026 - 18:57 AMT
FIP. Le Point-ի անվան տակ ՀՀ մասին ապատեղեկատվություն է տարածվում X-ում

X (Twitter) սոցիալական հարթակում հայաստանյան քաղաքական դաշտը թիրախավորող կեղծ տեղեկություններ են տարածվում՝ առաջին հայացքից բոտային հաշիվը հրապարակել է մի տեսանյութ, որի վրա ֆրանսիական հայտնի պարբերականի անունն է՝ Le Point, իսկ դրա ենթագրերում նշվում է, թե իբրև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների 70 տոկոսը դիմել են Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու համար, հայտնում է FIP.am-ը:

«Սա Ֆրանսիայի ուղիղ միջամտությունն է Հայաստանի քաղաքական կյանքին։ Նույն իրավիճակը եղել է նաև Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից առաջ»,- ասված է տեսանյութի ենթագրերում։

Տեսանյութը X-ում լայն տարածում է գտել։

«ՔՊ կուսակցության անդամների 70 տոկոսի՝ Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու համար դիմելու մասին տեղեկություն չկա, այդ մասին հայաստանյան քաղաքական դաշտում նույնիսկ խոսակցություն չի եղել, որևէ աղբյուր այդ մասին չի գրել։

Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալն այդքան հեշտ բան չէ․ դա բարդ ու երկարատև գործընթաց է, որը պահանջում է երկար տարիների բնակություն Ֆրանսիայում և հատուկ պայմաններ։ Միանգամից հարյուրավոր պաշտոնյաների քաղաքացիություն տալը տեխնիկապես և քաղաքականապես անհնար է։ Բացի այդ, Le Point-ի կայքում նման տեղեկություն կամ այդ մասին հոդված գոյություն չունի»,-գրում է FIP-ը:

Նշվում է, որ տեսանյութում օգտագործված լոգոն պատկանում է ֆրանսիական հայտնի լրատվամիջոցին՝ Le Poin։ Այն քաղաքական և հասարակական շաբաթաթերթ է և համարվում է Ֆրանսիայի երեք խոշորագույն լրատվական ամսագրերից մեկը։

Արտապատկերումը՝ կեղծ տեսանյութից։

X-ում տարածված տեսանյութի ավարտին որպես հեղինակներ նշվել են երկու անձ՝ Բորիս Հանսել և Պիեռ Լե Մուելիկ (Pierre Le Mouellic)։ Նշված անձինք իրականում գոյություն ունեն, սակայն քաղաքական լրագրության հետ առնչություն չունեն։ Բորիս Հանսելը ֆրանսիացի հայտնի պրոֆեսոր է, որը Le Point-ի համար գրել է բացառապես առողջապահական և գիտական թեմաներով նյութեր։ Նրա յութուբյան վերջին տեսաուղերձներից մեկը վերաբերել է ծխելը թողնելուց հետո քաշի ավելացման խնդրին։

Պիեռ Լե Մուելիկը տեսանյութերի մոնտաժող է։ Նրա անունը երևացել է Բորիս Հանսելի իրական տեսանյութերի վերջնամասում՝ որպես մոնտաժի պատասխանատու։

Այսպիսով, կեղծ տեսանյութի հեղինակները վերցրել են Le Point-ի առողջապահական թեմայով հոլովակներից մեկի ավարտական հատվածը և այն կցել քաղաքական բովանդակություն ունեցող տեսանյութին՝ փորձելով վստահություն հաղորդել X-ում շրջանառվող կեղծ նյութին։

Նշվում է, որ Le Point-ը նախկինում ևս օգտագործվել է ապատեղեկատվական արշավներում․ որոշ ժամանակ առաջ այս լրատվամիջոցի լոգոյով տարածվել է տեղեկություն, թե իբրև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երգիծանկարներ են հայտնվել շենքերի վրա, սակայն այդ պնդումը հերքվել է ֆրանսիացի փաստ ստուգողների կողմից։

«Տեսանյութը տարածվել է X-ի ակնհայտ բոտային անհայտ հաշվի միջոցով, որը ցուցաբերել է կասկածելի ակտիվություն․ մինչ այդ հաշվի նախավերջին հրապարակումը կատարվել է 2012 թվականին՝ իսպաներենով։ Կեղծ տեղեկության տարածման այս մեխանիզմը բնորոշ է Storm-1516 ապատեղեկատվական արշավին։ Այս ցանցը, որը ակտիվ է 2023 թվականից, մասնագիտացել է «սուտ սենսացիաների» ստեղծման մեջ, որոնք ներկայացվել են որպես լրագրողական հետաքննություններ կամ բացահայտումներ։ Բացի այդ, Storm-1516-ը կենտրոնացած է հիմնականում սոցիալական հարթակներում՝ X-ում և Telegram-ում տարածվող կարճ, կեղծ և էմոցիոնալ բովանդակությամբ տեսանյութերի վրա։

Արտաքին տեղեկատվական ազդեցությունների դեմ պայքարի ֆրանսիական VIGINUM կենտրոնը (ֆրանս.՝ Service de vigilance et de protection contre les ingérences numériques étrangères) հրապարակել է զեկույց Storm 1516 ապատեղեկատվական արշավի վերաբերյալ։ Այն բնութագրվել է որպես «տեղեկատվական միջամտության օպերացիոն համակարգ» (Information manipulation set) կամ ցանց, որը կենտրոնացած է տեղեկատվական և քարոզչական ազդեցության իրականացման վրա»,-գրել է FIP-ը: