4 մարտի 2026 - 16:06 AMT
Քեշիշյան. Թեհրանի հայ համայնքը վնասներ չի կրել

Իրանում տիրող լարված իրավիճակի ֆոնին տեղի հայ համայնքը, ըստ նախնական տեղեկությունների, վնասներ չի կրել։ Այդ մասին Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը, տեղեկացնում է Factor.am-ը:

«Իրանի հայ համայնքը մինչ այս պահը վնասներ չի կրել։ Մեզ մոտ միջազգային ինտերնետն անջատված է, այս պահին ավելին խոսել չեմ կարողանա»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ համացանցի սահմանափակումների հետևանքով Իրանում գտնվող մարդկանց հետ տեղեկատվության փոխանցումն ու կապի պահպանումը զգալիորեն դժվարացել են։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Թեհրանին և Իրանի այլ շրջաններին։ Հարվածների առաջին իսկ օրը սպանվել են հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ի պատասխան այդ գործողությունների՝ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելում հայտարարվել է արտակարգ դրություն։