9 մարտի 2026 - 18:06 AMT
Զինդատախազ․ ԶՈւ-ում հանցագործությունների թիվը 2025-ին նվազել է 8.3%-ով, սպանության դեպք չի եղել

ՀՀ Զինված ուժերում 2025-ին հանցագործության դեպքերը նվազել են 8․3 տոկոսով։ Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը՝ Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ներկայացնելով նախորդ տարվա ընթացքում արձանագրված դեպքերը, նախաձեռնված քրեական վարույթները և դրանց ընթացքը։

Նրա խոսքով՝ 2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք, որոնցից 1027-ը կամ 45.7%-ը եղել են պատահարներ, իսկ 1221-ը կամ 54.3%-ը՝ ենթադրյալ հանցագործության դեպքեր, հայտնում է Արմենպրեսը:

Զինվորական դատախազի տվյալներով՝ 2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել։

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ 2024 թվականի համեմատ 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 110 դեպքով կամ 8.3%-ով։ Ծանր հանցագործությունները նվազել են 49-ով կամ 27.5%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 25-ով կամ 64.1%-ով։

Նույն տարում գրանցվել են ծառայության հետ կապված մահվան դեպքեր՝ 6 ժամկետային զինծառայողի, ԱԱԾ սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայողի և 1 աշխարհազորայինի մասնակցությամբ։

2025 թվականին քննչական մարմինների վարույթներում քննվող և քննված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 411 միլիոն 728 հազար դրամ, մինչդեռ 2024 թվականին այն կազմել էր 1 միլիարդ 479 միլիոն 117 հազար դրամ։ Այդ գումարից մինչդատական փուլում վերականգնվել է 108 միլիոն 712 հազար դրամը։

Բացի այդ, դատական ակտերի կատարման վարույթով վերականգնվել է ևս 1 միլիոն 300 հազար դրամ։

2025 թվականին զինվորական դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 943 քրեական գործ՝ 1070 անձի վերաբերյալ։ Դատարաններում ավարտվել է 856 քրեական գործի քննություն՝ 951 անձի վերաբերյալ, որոնցից 708 գործով կայացվել է մեղադրական դատավճիռ, և դատապարտվել է 785 անձ։

Զինվորական դատախազության տվյալներով՝ պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված 280 ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված 1 միլիարդ 432 միլիոն 493 հազար դրամի վնաս։ Այդ գումարից 2025 թվականին վերականգնվել է 938 միլիոն 80 հազար դրամը, որի մեծ մասը վերականգնվել է արտադատական կարգով։

Բացի այդ, 2025 թվականի ընթացքում զինվորական դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 24 հայց, որոնցով բռնագանձման ընդհանուր պահանջը կազմել է 4 միլիարդ 564 միլիոն 117 հազար դրամ։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են կառույցի 2025 թվականի գործունեության արդյունքները։