12 մարտի 2026 - 18:40 AMT
Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամները հարցաքննվել են դատական ակտը չկատարելու վարույթի շրջանակներում

Գերագույն հոգևոր խորհրդի մի խումբ աշխարհիկ անդամներ վկայի կարգավիճակով հարցաքննվել են Քննչական կոմիտեում։ Հարցաքննվել են Գևորգ Դանիելյանը, Շահեն Կարամանուկյանը, Վահան Տեր-Ղևոնդյանը և Միքայել Մալխասյանը։

Նրանք հարցաքննվել են մի խումբ հոգևորականների կողմից դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում, հայտնում է Արմենպրեսը:

Գերագույն հոգևոր խորհրդի նախատեսված մարտի 12-ի նիստը չի կայացել:

Ավելի վաղ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանն ասել էր․ «Նրանց նպատակը եղել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը ձախողելը, ինչը և ստացվել է, աշխարհիկ բոլոր ադամները հրավիրվել են Քննչական կոմիտե, նիստը չի կայացել»,

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Հայ Առաքելական եկեղեցու յոթ հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել նույն գործով։ Քրեական հետապնդում է իրականացվում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Մովսես քահանա Սահակյանի նկատմամբ։

Ավելի ուշ հայտնի էր դարձել նաև, որ նույն քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ։ Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։