12 մարտի 2026 - 18:49 AMT
HRW նախկին տնօրեն․ Դժվար է խոսել ազատ ընտրությունների մասին, երբ ընդդիմադիրները կալանքի տակ են խոսքի համար

Դժվար է խոսել ազատ ընտրությունների մասին, երբ ընդդիմադիրները կալանքի տակ են խոսքի համար, հայտարարել է IODA գործադիր խորհրդի անդամ, Human Rights Watch-ի նախկին տնօրեն Սառա Լի Ուիթսոնը Երևանում հրավիրված ասուլիսում:

«Ես ցանկանում եմ կարճ ներկայացնել մի քանի կոնկրետ մտահոգություններ, որոնք մենք ունենք կապված քաղաքական միջավայրի, իրավական միջավայրի հետ, որում այս ընտրությունները տեղի են ունենում, ըստ երևույթին՝ կառավարական պաշտոնյաների անհարգի ճնշման և միջամտության պայմաններում»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ պետք է գործեն անկախ ինստիտուտներ, քաղաքական կուսակցություններ, կրոնական հաստատություններ, լրատվամիջոցներ, փաստաբանական միություն և անկախ դատական համակարգ։

«Բոլոր այս ոլորտներում վերջին շաբաթվա ընթացքում մենք լսել ենք ծավալուն ապացույցներ, թե ինչպես է կառավարությունը ոչ պատշաճ կերպով միջամտում, ոչ պատշաճ գործողություններ կատարում»,- նշել է նա։

Ուիթսոնը նաև անդրադարձել է ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին՝ ընդգծելով, որ դրանք, իր գնահատմամբ, ունեն քաղաքական շարժառիթներ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի և եկեղեցու որոշ արքեպիսկոպոսների դեպքերը։

«Որոշ դեպքերում այս անձանց ձերբակալությունները և այլ առերևույթ քաղաքական մոտիվացիա ունեցող ձերբակալությունները իրականացվել են ոստիկանության չափից ավելի բռնի գործողություններով՝ օգտագործելով անվտանգության մեծաթիվ ուժեր»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ լրացուցիչ մտահոգություն է առաջացնում նաև նախնական կալանքի երկար կիրառումը այն անձանց նկատմամբ, որոնց մեղադրանքները, ըստ նրա, կապված են քաղաքական բնույթի իրավախախտումների հետ։

«Հատկապես հարկ է նշել, որ պարոն Սամվել Կարապետյանը՝ այս պահին հայտնի քաղաքական կուսակցություններից մեկի առաջնորդը, մնում է տնային կալանքի տակ և շատ-շատ դժվար է պատկերացնել, որ ազատ և արդար ընտրություն կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ քաղաքական կուսակցության առաջնորդը, ով ընդամենը մեղադրվել է խոսքի հետ կապված իրավախախտման մեջ, մնում է ազատազրկված։

Դա լավ տպավորություն չի թողնում Հայաստանի ժողովրդավարության համար՝ ունենալ քաղաքական ընդդիմադիր ներկայացուցիչներ ազատազրկված վիճակում»,- ասել է Human Rights Watch-ի նախկին տնօրեն Սառա Լի Ուիթսոնը։