22 հունիսի 2009 - 20:00 AMT
Իրանում տեղի ունեցող իրադարձությունները խանգարել են Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության գծով աշխատանքային խմբի հանդիպմանը
Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության գծով աշխատանքային խմբի հանդիպումը հետաձգվել է Իրանում տեղի ունեցող ետընտրական իրադարձությունների պատճառով, PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ Գագիկ Գրիգորյանը: Այդ հանդիպումը ծրագրվում էր հունիսին, սակայն Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով իրանական պատվիրակության ներկայացուցիչները չեն կարողացել ժամանել, եւ հանդիպումը հետաձգվել է», - ասել է նա:
Այդպիսով, Գրիգորյանի խոսքերով, աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարարների տեղակալների մակարդակով: Հայկական կողմից խմբի կազմում կընդգրկվեն տրանսպորտի նախարարի առաջին տեղակալն ու Գրիգորյանն ինքը:
Այդ առնչությամբ վարչության պետն ավելացրել է, որ հանդիպման ընթացքում ծրագրվում է անցկացնել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագծի հայեցակարգի շնորհանդեսը: «Հայեցակարգի նախապատրաստման աշխատանքները երկար ժամանակ են տեւել, հիմնական աշխատանքը տարվել է երկաթուղու շինարարության ուսումնասիրության ուղղությամբ, ինչը հնարավորություն կընձեռի ավելի լավ հասկանալ այդ նախագծի արդյունավետ իրականացման հնարավորությունները», - նշել է Գրիգորյանը:
Վարչության պետը նաեւ հաղորդել է, որ տվյալ փուլում բանակցություններ են ընթանում զարգացման ասիակա բանկի հետ` 1 մլն դոլարի չափով Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ֆինանսավորման շուրջ: