17 մարտի 2026 - 10:25 AMT
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Այդ մասին հայտարարվել է դաշինքի հավաքում, որը տեղի է ունեցել Մարզահամերգային համալիրում:

Իր ելույթում Քոչարյանը հայտարարել է, որ անվտանգությունն առաջիկա տարիներին մնալու է Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը՝ նշելով, որ կողմ են Ադրբեջանի հետ խաղաղությանը, սակայն հստակ երաշխիքներով հայտնում է Panorama.am-ը:

«Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից, որպեսզի համատեղ ուժերով չեզոքացվեն բոլոր սպառնալիքները։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի, հասկանալի և մերժի մեծ տերությունների հակասությունների վրա խաղալու տարբերակը։

Հիշեցնեմ՝ հենց այդ մոտեցումն ապահովեց Հայաստանի ամենախաղաղ տարիները իմ նախագահության օրոք։ Այսօր հայտարարում եմ, որ կարող եմ ապահովել մեր անվտանգության մոդելի բացարձակ հուսալի ձևաչափ։ Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե «պապայիս արև» մոդելի, այլ անվտանգության իրական երաշխիքների վրա։ Դա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ իրավունքի ուժն աշխարհում փոխարինվել է ուժի իրավունքով»,- իր ելույթում նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա հավելել է, որ չի հանգստանալու այնքան ժամանակ, մինչև գործող իշխանությունը չհեռացվի, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է։ Վստահ եմ, որ այն չարը, որ մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է։ Ես նրանց հետ պայքարի մեջ եմ մտել նրանց իշխանության գալու առաջին օրվանից և չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն»,– ընդծել է նա։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնական ձևաչափով՝ «Հայաստան» դաշինքով, որին միացել է նաև «Առաջ» կուսակցությունը։ Նա նաև տեղեկացրել է, որ դաշինքին միացել է «Առաջ» կուսակցությունը։

Դաշինքը ընտրություններին մասնակցելու է «Միասին կարող ենք» կարգախոսով։

Սաղաթելյանը նաև հայտարարել է, որ ուղիղ դիմում է ընդդիմադիր դաշտին` նշելով, որ այս դաշտում թիրախներ չունեն, այլ ունեն պայքարի այսօրվա ու վաղվա գործընկերներ։

«Մեր թիրախը մեկն է` գործող իշխանությունը, և այդ նույն ակնկալիքն ունենք նաև ընդդիմադիր դաշտի մյուս գործընկերներից»,– նշել է Սաղաթելյանը։

Նա հավելել է, որ հայ ժողովրդին իրենք առաջարկում են այլընտրանք, որը հիմնված է երեք անկյունաքարերի վրա` 1. անվտանգ և մրցունակ պետություն, 2. ինքնության հիման վրա ազգային պետություն, 3. համահայկականություն։

«Մեզ սպասվում է համազգային քննություն` կամ մենք, կամ` նրանք։ Մենք ընտրում ենք Հայաստանը»,– իր ելույթը եզրափակել է Սաղաթելյանը։

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված է անցկացնել 2026 թվականի հունիսի 7-ին։

Մասնակցության մասին արդեն հայտարարել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ «Նոր ուժ» կուսակցությամբ, ինչպես նաև ՀԱԿ-ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, և «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու մասին պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որը փորձել է իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը դարձնել ընդդիմադիր ուժերի համար «նոյյան տապան», ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։