22 հունիսի 2009 - 21:21 AMT
ՀԱԿ կքննարկի քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո իշխանությունների հետ երկխոսության հարցը
«Հայ ազգային կոնգրեսը հետագայում կքննարկի այն հարցը, թե արդյոք պետք է գնալ իշխանությունների հետ երկխոսության, թե ոչ: ՀԱԿ կազմի մեջ մտնում են շատ քաղաքական կուսակցություններ, եւ համատեղ քննարկման ընթացքում մենք միասնական կարծիքի կհանգենք»,- մամլո ասուլիսին հայտնել է ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը:

Իգիթյանի խոսքով, անգամ Հայաստանի խորհրդարանի կողմից երկրում համաներման մասին որոշումն ընդունելուց հետո բանտերում դեռեւս շարունակում են քաղբանտարկյալներ մնալ: «Երկխոսությունը պետք է իմաստ ունենա, այն հենց այնպես չի լինում, եւ եթե այդ երկխոսությունը, այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա միայն նրա համար, որպեսզի երկիրը դուրս բերի այդ իրադրությունից»,- հայտնել է նա:

Իգիթյանը վստահ է, որ շատ քաղաքական խնդիրների լուծման համար երկրում պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան: «Խորհրդարանում պետք է ուժեղ ընդդիմություն լինի, երբ ընդդիմությունը թույլ է կամ փոքրամասնություն է կազմում, նա ի զորու չէ որոշիչ քայլեր նախաձեռնել կամ առողջ քննարկում ապահովել»,- ավելացրել է նա: