23 մարտի 2026 - 17:22 AMT
Կոստանյան․ ՀՀ-ն աշխատում է՝ կարգավորելու ԵՄ-Վրաստան հարաբերությունները

Հայաստանը շահագրգռված է Եվրամիության և Վրաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ և այդ ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում։ Այդ մասին հայտարարել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին:

Կոստանյանի խոսքով՝ Վրաստանի և ԵՄ-ի միջև բանակցությունների առաջընթացը կարող է ստեղծել ավելի բարենպաստ միջավայր նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման համար, հայտնում է Sputnik Արմենիան:

«Վրաստան-ԵՄ բանակցությունների առաջընթացը կնպաստի, որ այս գործընթացում էականորեն ավելի դրական միջավայր ստեղծվի նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագայի համար։ Միևնույն ժամանակ, մենք շահագրգիռ ենք, որ Եվրոպական Միության և Վրաստանի գործընկերների միջև հարաբերությունները կարգավորվեն և դրական հունի մեջ մտնեն և այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ նույնպես տանում ենք»,- ասել է Կոստանյանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Հայաստանի եվրաինտեգրման համար կարևոր խնդիրներից մեկը ԵՄ-Վրաստան քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում նա ընդգծել է, որ Վրաստանը Հայաստանի համար հանդիսանում է դեպի Եվրամիություն տանող կարևոր ուղի և հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կզարգանան։

Մարտի 3-4-ին Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ՝ կարևորելով Վրաստանի դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում և ակնկալելով համագործակցության խորացում։