31 մարտի 2026 - 18:13 AMT
Դանիելյան․ Այն, ինչ իրականացվում է դպրոցահասակ եղբայրների հանդեպ, անձնական վրեժի դրսևորում է

Այն, ինչ իրականացվում է դպրոցահասակ եղբայրների նկատմամբ, պարզապես անձնական վրեժի դրսևորում է, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցու միջադեպում Մինասյան եղբայրների շուրջ զարգացումներին:

«Սրտիկներ ցուցադրող Նիկոլ Փաշինյանն ատում է սեփական հայրենակիցներին։ Այնքան փոքրոգի է, որ չի խնայում անգամ աշակերտներին, որոնք ընդամենը հայտնել էին իրենց քաղաքացիական դիրքորոշումը՝ եկեղեցում հավատավոր ժողովրդին հրող Փաշինյանին։

Մարդկանց տները խուզարկելով, մեղադրանքներ առաջադրելով փորձում են ստեղծել վախի մթնոլորտ՝ այսկերպ ահաբեկելով նաև մեր մյուս հայրենակիցներին։

Դատապարտելի է այն, ինչ կատարվում է այս պահին Մինասյան եղբայրների նկատմամբ։ Տեղեկացա, որ անգամ չի թույլատրվել Քննչական վարչություն մուտքը վերջիններիս փաստաբաններին։ Միայն ՄԻՊ-ին դիմելուց հետո է հաջողվել։ Տեղում իրենց պատրաստակամությունն են հայտնել գործընկերներ Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը։

Եվ սրանք դեռ համարձակվում են խոսել մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից։ Այս արժեքները ձեր իշխանության օրոք բռնաբարվում են ամեն օր։

Աջակցությունս եմ հայտնում տղաներին։ Իմ հնարավորությունների և լիազորությունների սահմաններում պատրաստ եմ անելու ամեն ինչ, որպեսզի դադարեցվի ապօրինի հետապնդումը և Դավիթ ու Միքայել Մինասյանները ժամ առաջ հայտնվեն ազատության մեջ։

Հ․Գ․ Քիչ առաջ ձերբակալված եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ արձակվեց. կիրառվել է երկրից չբացակայելու խափանման միջոց»,-ասվում է գրառման մեջ:

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ է արձակվել։ Միքայելին, սակայն, մեղադրանք է առաջադրվել։ Մյուս եղբորը՝ Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նրան արդեն տեղափոխել են դատարան։