7 ապրիլի 2026 - 12:02 AMT
ՔՊ–ն որոշել է արգելել կուսակցությունների և դաշինքների անվանումներում անունների կիրառումը

Ազգային ժողովն ապրիլի 7-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու համար: Օրենքի նախագիծը կքննարկվի 24-ժամյա ռեժիմով, հայտնել է ԱԺ կայքը:

«Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է արգելել կուսակցությունների և դաշինքների անվանումներում անունների կիրառումը, հայտնում է Sputnik Արմենիան:

Այս նախաձեռնությանը արդեն անդրադարձել է իրավապաշտպան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ նշելով, որ առաջարկվող փոփոխությունը ուղղված է Սամվել Կարապետյանի անվան կիրառման դեմ։

«Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիրը» «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների և լրացումների նախագիծ է բերել, որով արգելում է կուսակցությունների և դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումը։ Կռիվ տվեցիք Սամվել Կարապետյանի նկարների հետ, հիմա կռիվ եք տալիս անվան հետ։ Չի՛ ստացվելու, որովհետև կա մի բացարձակ ճշմարտություն, և մեր քաղաքական ուժը պայքարում է այդ ճշմարտության վերականգնման համար»,- ասել է նա:

Մելոյանը հիշեցրել է, որ մարտի 31-ին ձևավորվել է դաշինքը, և հայտարարվել է ընտրություններին մասնակցելու մասին՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանմամբ։

«Ապրիլի 13-ից Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկելու էր քաղաքական ուժերի փաստաթղթերի ընդունելությունը։ Իշխող ուժը փորձում է այս միջակայքում, երբ ընդամենը մի քանի օր է մնացել փաստաթղթերի ընդունմանը, նման բացահայտ միջամտություն թույլ տալ և խախտել խաղի կանոնները»,- շարունակել է Մելոյանը։

Մելոյանը նաև շեշտել է, որ այս գործընթացը չի սահմանափակվում միայն իրենց քաղաքական ուժով, այլ վերաբերում է ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու և ազդում է պետության իրավական ու ժողովրդավարական հիմքերի վրա։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: