
«Արտեմիս-2» առաքելության անձնակազմն ապրիլի 6-ին սկսել է վերադարձը Երկիր, հայտնել է ԱՄՆ-ի Ազգային ավիացիոն և տիեզերական վարչությունը (NASA)։
«Ժամը 21:35-ին՝ արևելյան ժամանակով (03:35 CEST - Ռեդ.), «Արտեմիս-2» առաքելության անձնակազմը ավարտել է Լուսնի դիտարկումների փուլը և այժմ սկսել է դեպի տուն վերադարձի ճանապարհը», - ասված է հաղորդագրության մեջ, հայտնում է Deutsche Welle-ն:
NASA-ի հեռարձակման ընթացքում տիեզերագնաց Քրիստինա Կոխը հայտարարել է, որ Artemis II առաքելության անձնակազմը հաջողությամբ իրականացրել է Լուսնի շուրջ թռիչքը և սահմանել է պատմության ընթացքում մարդու տիեզերքում ամենահեռու գտնվելու նոր ռեկորդը։
Տիեզերագնացները Երկրից հեռացել են 407,000 կմ, դրանով իսկ գերազանցել են 1970 թվականին «Ապոլոն-13» առաքելության ընթացքում սահմանված ռեկորդը։
Բացի այդ, առաքելության մասնակիցները փորձարկել են նոր սկաֆանդրներ, որոնք ունակ են մինչև վեց օր ապահովել շնչառությունն ինքնավար ռեժիմում։
«Օրիոն» տիեզերանավը ապրիլի 1-ին մեկնարկել է ԱՄՆ-ի արևելյան ափից։ Անձնակազմի կազմում են NASA-ի տիեզերագնացներ Ռիդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը և Քրիստինա Կուկը, ինչպես նաև Կանադական տիեզերական գործակալության տիեզերագնաց Ջերեմի Հանսենը։ Անձնակազմը պետք է իրականացնի մոլորակի բնական արբանյակի շուրջ թռիչք և վերադառնա Երկիր։