8 ապրիլի 2026 - 17:06 AMT
«Պռոշյանի կոնյակի գործարան»․ Հայկական գործարանը շփոթել են ՌԴ-ում գործող առանձին դիստրիբյուտոր ընկերության հետ

«Պռոշյանի կոնյակի գործարանը» հայտարարել է, որ Ռուսաստանի շուկա արտահանման հետ կապված որևէ խնդիր այս պահին չունի, իսկ տարածված տեղեկությունները պայմանավորված են սխալ նույնականացմամբ։Այդ մասին հայտնել են գործարանից` անդրադառնալով «Ռոսալկոգոլտոբակկոնտրոլի» հրապարակած հաղորդագրությանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը հայտնել էր, որ իրականացրել է չնախատեսված ստուգում «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի նկատմամբ և արձանագրել խախտումներ, ինչի հիմքով դիմել է դատարան՝ ընկերության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և դրա գործողությունը կասեցնելու պահանջով։

«Մի շարք հրապարակումներում թույլ է տրվել սխալ նույնականացում՝ հայկական արտադրող գործարանը շփոթելով Ռուսաստանի Դաշնությունում գործող առանձին դիստրիբյուտոր ընկերության հետ, որը հանդիսանում է տվյալ շուկայում գործող ներմուծող ընկերություններից մեկը։ Նշված հրապարակումները վերաբերում են բացառապես այդ ներմուծող ընկերության գործունեությանը և որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող արտադրական գործընթացների հետ»,– հայտնել են «Պռոշյանի կոնյակի գործարանից»։

Գործարանում նշել են, որ իրենց գործունեությունը շարունակվում է բնականոն, արտադրական գործընթացները չեն ընդհատվել, և արտադրանքը շարունակաբար արտահանվում է միջազգային շուկաներ, ներառյալ ԵԱՏՄ երկրներ։

Նշվել է նաև, որ ընկերությունը պարբերաբար անցնում է միջազգային աուդիտներ և ունի որակի կառավարման և սննդամթերքի անվտանգության համապատասխան սերտիֆիկատներ, այդ թվում՝ ISO և HACCP ստանդարտներին համապատասխան։