
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշել է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում:
«Ուսումնասիրելով դաշտը՝ հասկացել ենք, որ այն բովանդակությունը, որը մենք ենք տալիս մեր ժողովրդին՝ հանգիստ, նորմալ կյանք ունենալու և վերջապես քաոսը դադարեցնելու առումով, առանց արկածախնդրությունների, այդ օրակարգն այսօր Հայաստանի քաղաքական դաշտում չի սպասարկվում», - ասել է Մարուքյանը։
Նա նշել է, որ մոտ 6 ամիս փորձել են ձևավորել միասնական ընդդիմություն մեկ ճակատով և մեկ ցուցակով, սակայն չի ստացվել: Մարուքյանը չի ասել, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն:
Մարուքյանին է միացել լրագրող և քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը՝ դադրեցնելով լրագրողական գործունեությունը: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Բարդագույն որոշում եմ կայացրել․ ժամանակավորապես դադարեցնում եմ լրագրողի և քաղաքական մեկնաբանի գործունեությունը լավագույն ընկեր և զինակից Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստանի» հետ ընտրություններին մասնակցելու համար։
․․․Մենք մանր-մունր ուժերի վարչապետ դառնալու մոլեռանդ և էժանագին մրցավազքի մեջ չենք մտնելու, այլ խոսելու ենք մեր երկրի առջև ծառացած մահացու սպառնալիքների մասին՝ ցույց տալով դրանց հաղթահարման եղանակները։ Պատրաստ ենք պայքարի, գնալու ենք մինչև վերջ, բռնվեք»,–գրել է Փաշոյանը:
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: