
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների, պետական մարմինների և ոլորտային կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել են սպառողների իրավունքների պաշտպանությանն ու ոլորտի կարգավորմանը միտված նախաձեռնությունները։ Քննարկումը վարում էր հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Ներկայացվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք նախատեսել են կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների ձևավորում, թափանցիկության նոր պահանջների սահմանում և գնորդների վճարած գումարների վերադարձի ռիսկերի ապահովագրում։
Գևորգյանը նշել է, որ նախորդ տարի հանձնաժողովը սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից ուսումնասիրություն է իրականացրել կառուցապատման ոլորտում, որի արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ։ Մասնավորապես օֆերտայի ֆուլում գովազդվող բովանդակության, հատկապես ենթակառուցվածքների մասով չիրականացում, բնակարանների հանձնման ժամկետների ուշացումներ, շենքերի սպասարկմանն առնչվող հարցեր և այլն։
«Առկա խնդիրների կարգավորման նպատակով առաջարկներ են ներկայացվել լիազոր մարմիններին, և արդեն մշակվել ու քննարկումների փուլում են գտնվում երկու կարևոր օրենքների նախագծեր, որոնք ուղղված են ընկերությունների բարեխիղճ գործունեության և սպառողների շահերի արդյունավետ պաշտպանության ապահովմանը։
Առաջարկվում է ձևավորել մասնագիտացված կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպություններ (ԻԿԿ), որոնք կվարկանիշավորեն ընկերություններին, վերջիններիս համար կսահմանվեն թափանցիկության պահանջներ՝ պարտադիր աուդիտ, պաշտոնական կայքի առկայություն և այլն, նախատեսվում է գնորդների կողմից վճարված գումարների ետվերադարձի ռիսկերի ապահովագրում (օրինակ՝ ապահովագրության, բանկային երաշխիքի կամ կառուցապատողի հատուկ հաշվին մուտքագրված գումարի սառեցման միջոցով)՝ սնանկացման ռիսկերից խուսափելու նպատակով։ Քննարկմանը մասնակցող ընկերությունների ներկայացուցիչները դրական են արձագանքել ներկայացված նախաձեռնություններին՝ առանձին հարցերի շուրջ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու առաջարկները»,- ասված է հաղորդագրությունում։