14 ապրիլի 2026 - 17:40 AMT
Բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստանի» անդամ Գոհար Ղումաշյանին

Բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։ Այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է նրա կուսակից Գոհար Մելոյանը:

Նա հիշեցրել է, որ Ղումաշյանը նորածին երեխա ունի:

«Գոհար Ղումաշյանը նորածին, մանկահասակ երեխայի մայր է, սա ապօրինի, անհեթեթ հիմքերով հերթական բռնաճնշումն է: Սա իշխանության հերթական վախերի դրսևորում է»,- նշել է Մելոյանը։

Նա նաև նշել է, որ գնում են Մոսկովյան 1, պարզելու բերման ենթարկելու պատճառը:

Նույն կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը ևս արձագանքել է տեղի ունեցածին:

«Հիմա գտնվում եմ հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց: Ուզում եմ նշել, որ Ղումաշյան Գոհարի փոքրիկը 40 օրականից վերջերս նոր դուրս է եկել։ Սա է պատկերը այս վախկոտ իշխանությունների, ընկնում են անգամ կանանց հետևից, ապօրինի ձերբակալություններով։ Հավաքվում ենք հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց, փորձում ենք հասկանալ ինչ է կատարվում և այս վախկոտ իշխանականները ինչով են զբաղված»,-ասել է նա:

Ավելի ուշ Մելոյանն ասել է, որ Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են, որ բարեգործության արգելքի հիմքով են հրավիրել կոմիտե, հայտնում է Sputnik Արմենիան:

«Ակնհայտ է, որ իրավական գործընթացի հետ գործ չենք կարող ունենալ։ Բոլոր այն դրվագները, որոնք հայտարարում, մեզ հետ կապում են, իրավական այնպիսի բացահայտումներ, զարգացումներ են եղել, որ նախաքննության արգելքով պայմանավորված` շատ գործընթացների չենք կարող անդրադառնալ, բայց մի պնդում կարող եմ անել՝ սրանք մեր հաջողված հանրահավաքի հետևանքներն են»,- ասել է Մելոյանը։