14 ապրիլի 2026 - 18:19 AMT
Նախագիծ․ Օտարերկրյա և տեղացի ներդրողները կունենան հավասար իրավունքներ ու ազատություններ

Կառավարությունը ներկայացրել է ներդրումների մասին նոր օրենքի նախագիծ, որով օտարերկրյա և տեղացի ներդրողները կունենան հավասար իրավունքներ ու ազատություններ: Այն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ներկայում գործող օտարերկրյա ներդրումների մասին օրենքը, որն ընդունվել է 1994 թվականին, այլևս չի համապատասխանել ժամանակակից պահանջներին, ինչի հիման վրա մշակվել է նոր օրենսդրական նախագիծ, հայտնում է 1lurer.am-ը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանում մինչ այժմ ներդրումների մասին համապարփակ օրենք չի եղել, և այս նախագիծը ներկայացվում է առաջին անգամ՝ որպես կարևոր բարեփոխում ներդրումային քաղաքականության շրջանակում։

«Նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ սահմանված կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա, այլև տեղացի ներդրողների ու ներդրումների վրա, մինչդեռ արդեն իսկ պարզ է, որ ներկայումս գործող օտարերկրյա ներդրումների մասին օրենքը տարածվում է միայն օտարերկրյա ներդրումների և ներդրողների վրա, և չի կարգավորում տեղացի ներդրողների հետ կապված հարաբերությունները»,- ասել է նա։

Նախագիծը սահմանել է ներդրումների իրավական հիմքերը, ներդրողների իրավունքներն ու պարտականությունները, կիրառվող երաշխիքները և պաշտպանական մեխանիզմները, ինչպես նաև ներդրումային խթանների տրամադրման սկզբունքները և վարչարարական կարգավորումները։

«Նախագիծը բացառում է խտրականության երաշխիքը երկու հայտնի բաղադրիչներով՝ ազգային ռեժիմ, ըստ որի՝ օտարերկրյա ներդրողներն ունեն տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, և առավել բարենպաստության ռեժիմը, ըստ որի՝ ՀՀ-ում բոլոր օտարերկրյա ներդրողները համանման հանգամանքներում ունեն հավասար իրավունքներ, այսինքն՝ օտարերկրյա ներդրողն իրավունք ունի ակնկալել ՀՀ-ից այն նույն բարենպաստ վերաբերմունքը, որը ՀՀ-ում կիրառվում է որևէ այլ օտարերկրյա ներդրողի նկատմամբ»,- նշել է նա՝ հավելելով, որ որոշ բացառություններ նախատեսվել են միջազգային պայմանագրերով սահմանված ոլորտներում։