
Ազգային ժողովում քննարկվել է ավիացիոն ոլորտին վերաբերող նոր օրենքի նախագիծ, որը բխում է ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրից և ուղղված է ոլորտի կարգավորման արդիականացմանը։ Ազգային ժողովի կողմից վավերացված «Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2021-ին:
Նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, հայտնում է 1lurer.am-ը:
«Օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների համար ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին և դիրեկտիվներին։
Սիմոնյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են օդային փոխադրումների ոլորտում ապահովագրական պարտավորություններին՝ սահմանելով պահանջներ օդանավ շահագործողների, թռիչքային և սպասարկող անձնակազմերի, ինչպես նաև ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության համար։
Նախագծով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել գործող օրենքը և ընդունել նոր, համապարփակ կարգավորում նախատեսող իրավական ակտ, որը կհստակեցնի ոլորտի սուբյեկտների միջև ապահովագրական հարաբերությունները և կսահմանի նվազագույն ապահովագրական շեմեր՝ համահունչ եվրոպական չափանիշներին։
Փոփոխությունների մշակման ընթացքում հաշվի են առնվել նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից 2024 թվականին կատարված թարմացումները։
Նախագիծը ներառել է նաև պահանջների կատարման մեխանիզմները, պատասխանատվության միջոցները, վեճերի լուծման ընթացակարգերը և այն սուբյեկտների շրջանակը, որոնց վրա այն տարածվելու է։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։