
Հայաստանում նկատվում է, որ երեխաների շրջանում ֆիզիկական ակտիվությունը տարիքին զուգընթաց նվազում է, միաժամանակ աճում է քաղցրավենիքի օգտագործումը, իսկ ավելորդ քաշն ու գիրությունը շարունակում են մնալ տարածված խնդիր, հայտնում է առողջապահության նախարարությունը:
Նշվում է, որ ազատ շաքարների ավելցուկային օգտագործումը հանգեցրել է ավելորդ քաշի և ճարպակալման, միաժամանակ մեծացրել է դրանց հետ կապված ոչ վարակիչ հիվանդությունների՝ սրտանոթային խնդիրների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և որոշ քաղցկեղների զարգացման հավանականությունը։
Որո՞նք են ազատ շաքարները
● Արտադրողների, խոհարարների կամ սպառողների կողմից սննդամթերքին և ըմպելիքներին ավելացված շաքարներ։
● Մեղրի, օշարակների, մրգահյութերի և մրգահյութի խտանյութերի մեջ պարունակվող բնական շաքարներ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ շաքարները ապահովում են էներգիա (1 գ = 4 կկալ), սակայն չեն համարվում անհրաժեշտ սննդանյութեր։
Մինչև 2 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում խուսափել շաքար պարունակող սննդամթերք և ըմպելիքներ տալուց։
2 տարեկանից բարձր երեխաներին, դեռահասներին և մեծահասակներին առաջարկվում է սահմանափակել ազատ շաքարների օգտագործումը՝ օրական էներգիայի ընդունման 10%-ից պակաս մակարդակում (մոտ 50 գրամ կամ մոտ 12 թեյի գդալ՝ օրական մոտ 2000 կկալ օգտագործման դեպքում)։
Ժամանակակից սննդակարգում օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում, որոնք հաճախ չեն ընկալվում որպես քաղցրավենիք։ Օրինակ՝ կետչուպի մեկ ճաշի գդալը պարունակում է մոտ 4 գրամ (մոտ մեկ թեյի գդալ) ազատ շաքար, իսկ շաքարով քաղցրացված գազավորված ըմպելիքի մեկ շիշը կարող է պարունակել 40 և ավելի գրամ շաքար։
Շաքարի օգտագործումը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում սահմանափակել բարձր շաքար պարունակող մթերքների և ըմպելիքների կիրառումը, այդ թվում՝ քաղցրացված ըմպելիքներն ու քաղցրավենիքը։
Խորհուրդ է տրվում նաև քաղցր նախուտեստները փոխարինել թարմ մրգերով և հում բանջարեղենով։