
Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Ազգային ժողովի ընդունարանում՝ պահանջելով հրապարակել 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը։
Ակցիայի մասնակիցներից մեկը հենց ԱԺ ընդունարանում հանել է իր գուլպաներից մեկն ու ասել, որ այն տալիս է Անդրանիկ Քոչարյանին, հայտնում է Panorama.am-ը:
«Իմ նասկին տալիս եմ Անդրանրի Քոչարյանին։ Մեր ապրածն ու իրենց ապրածը տարբեր են, մեր հագի նասիկները ձեր ապրած կյանքից մաքուր է։ Անկեղծ եմ ասում։ Որ ծնողը կողմ է ինձ հետ, կարող է իր նասկին բերի ու դնի այստեղ»,-ասել է նա:
Մի քանի ծնողներ միացel en այդ ակցիային՝ իրենց գուլպաները թողնելով ԱԺ ընդունարանում։
Ակցիայի մասնակիցներն ընդունարանում հանդիպել են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին, ով անդրադարձել է ստեղծված իրավիճակին։
«Անդրանիկ Քոչարյանից ոչ մի սպասելիք չունեմ, նա չի կարող բացահայտել 44-օրյա պատերազմի հանգամանքները։ Ինչո՞ւ չեն հրապարակում։ Հրապարակելու բան չունեն, չեն կարողացել ոչինչ բացահայտել, բովանդակային իմաստով դատարկ էջեր են»,- ասել է Թովմասյանը։
Պատգամավորը նշել է, որ չի վստահում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին և կասկածի տակ է դրել զեկույցի բովանդակությունը։
«Մեր գործընկերներից Տիգրանը կարդացել է այդ զեկույցը, հարցազրույց է տվել ու ասել՝ ոնց որ «Հայկական ժամանակի» հրապարակումները լինեին։ Ես Անդրանիկ Քոչարյանի ազնվությանը, քաղաքական անաչառությանը չեմ հավատում, հույս չեմ կապում այդ հանձնաժողովի զեկույցի հետ»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։
Նա նաև ընդգծել է, որ ըստ իր գնահատականի՝ բոլոր որոշումները կենտրոնացված են մեկ անձի մոտ։
«Նա և պատգամավոր է, և նախարար, և դատավոր, և դատախազ, և ընդդիմադիր»,-ասել է Թովմասյանը:
44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեռևս 2025 թվականի դեկտեմբերին դիմել են ԱԺ նախագահին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ: