
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև օգոստոսի 31-ը ներկայացնել հայ գերիների դատավճիռները, հայտնում է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը»։
«Ադրբեջանը շարունակաբար դիմում է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով վերացնել միջանկյալ միջոցը, որով Ադրբեջանը պարտավորվում է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի մասին։ Ադրբեջանը հավաստիացնում է, որ բոլոր գործընթացներն ընթանում են թափանցիկ և հրապարակային։
ՄԻԵԴ-ը 2026 թ․ ապրիլի 9-ին մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը՝ Ադրբեջանի կառավարությանը կրկին պարտավորեցնելով շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերի ու իրականացված բժշկական հետազոտությունների և բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է նաև ներկայացնել հայ գերիների դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում կայացված դատավճիռների պատճենները կամ այդ դատավճիռների ամփոփագրերը, որոնք պետք է ներառեն դատավճիռ կայացրած դատավորների հիմնավորումները՝ գործում առկա ապացույցների վրա հիմնված։
Զեկույցի ներկայացման հաջորդ վերջնաժամկետը 2026 թ․ օգոստոսի 31-ն է»,- ասվում է հաղորդագրությունում։
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։