24 հունիսի 2009 - 14:18 AMT
ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների կոմիտեն ուժի մեջ է թողել 907-րդ ուղղումը
ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների կոմիտեն, հաստատելով 2010 ֆինանսական տարվա օտարերկրյա պետություններին հատկացվելիք օգնության չափերը, ուժի մեջ է թողել Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղումը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), կոմիտեի հայտարարության մեջ ասվում է, որ «ԱՄՆ պետքարտուղարությունը խորհրդակցելով հատկացումների կոմիտեի հետ, եկել է այն եզրակացության, որ ուղղման վերացումը վաղաժամ է: Նույն օրինագծում հաստատվում է 48 մլն դոլարի հատկացումը Հայաստանին եւ 10 մլն դոլարի հատկացումը Լեռնային Ղարաբաղին:

Ըստ ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Վան Կրիկորյանի, վեհաժողովի ջանքերով հատկացումների կոմիտեն հաստատել է 907-րդ ուղղման կարեւորությունը եւ կոչ է արել հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ սպառնալիքներից, սադրանքներից ու ռազմատենչ հայտարարություններից:

ԱՀՀ հաղորդագրության մեջ ասվում է, որ 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո, պետքարտուղար Քոլին Փաուելի «Ադրբեջանում գործող ահաբեկչական տարրերի ու կազմակերպությունների դեմ պայքարում ճկնություն դրսեւորելու» խնդրանքին համաձայն, Կոնգրեսը ներկայացրել էր 907-րդ ուղղման պայմաններն ու սահմանափակումները: Ուղղումը չեղյալ հայտարարելու պայմանները նախատեսում էին, որ Ադրբեջանին ցուցաբերվող ցանկացած օգնություն, չպետք է խարխլի կամ խոչընդոտի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը կամ օգտագործվի Հայաստանի դեմ պատերազմի կամ «Կովկասի որեւէ հայ համայնքի դեմ պատերազմում»: ԱՀՀ-ն նախկինի պես խորապես անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունների վրա: Բացի այդ, Ադրբեջանը մեկուսացրել է Հայաստանին բազմաթիվ տարածաշրջանային նախաձեռնություններից, փոխարենը կտրուկ ավելացնելով ռազմական ծախսերը, որոնք գերազանցում են Հայաստանի բյուջեն: