20 ապրիլի 2026 - 10:43 AMT
ԱՄՆ-ն իրանական նավ է կալանել, Հորմուզի նեղուցը փակ է, Իրանը հրաժարվել է բանակցություններից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարի պայմանները խախտելու մեջ՝ կրկին սպառնալով ոչնչացնել երկրի կարևոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ կամուրջներն ու էլեկտրակայանները։ Իրանական կողմը, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն է խախտել հրադադարը՝ Օմանի ծոցում իրանական դրոշով բեռնանավի առգրավումով։

Միևնույն ժամանակ Հորմուզի նեղուցը, որով սովորաբար իրականացվում է Մերձավոր Արևելքի նավթի մատակարարումը, մնում է փակ, հայտնում է BBC-ն:

«Այսօր իրանական դրոշով Touska բեռնանավը, որի երկարությունը գրեթե 900 ֆուտ է [մոտ 275 մետր] և քաշը համեմատելի է ավիակրի հետ, փորձել է ճեղքել մեր ծովային շրջափակումը, սակայն չի հաջողվել։ ԱՄՆ ռազմածովային ուժերի Spruance հրթիռային ականակիրն Օմանի ծոցում կանգնեցրել է նավը և հստակ նախազգուշացում տվել կանգ առնելու համար։ Իրանական անձնակազմը հրաժարվել է ենթարկվել, ինչից հետո մեր նավը կանգնեցրել է նրանց՝ շարժիչային բաժնում անցք բացելով», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

«Ներկայումս նավը գտնվում է ԱՄՆ ծովային հետևակի վերահսկողության տակ։ Touska-ն ընդգրկված է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում՝ իր նախկին ապօրինի գործունեության պատճառով։ Մենք լիովին վերահսկում ենք նավը և ստուգում ենք, թե ինչ կա դրա վրա», -հավելել է ԱՄՆ նախագահը։

Իրանի իշխանությունները նավի առգրավումը որակել են որպես «ծովահենություն» և «հրադադարի խախտում»՝ խոստանալով պատասխան քայլեր։ Տարածաշրջանում սրման ֆոնին անորոշ է նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլի ճակատագիրը, որը նախատեսվում է անցկացնել այս շաբաթ Պակիստանում։

Թրամփը Truth Social-ում նշել է, որ իր ներկայացուցիչներն ուղևորվում են Իսլամաբադ։

«Մենք առաջարկում ենք շատ արդար և ողջամիտ գործարք, և հույս ունեմ, որ նրանք կընդունեն այն, իսկ եթե ոչ, ապա ԱՄՆ-մ կոչնչացնի Իրանում բոլոր էլեկտրակայանները և բոլոր կամուրջներն առանց բացառության: Նրանք շատ արագ ու հեշտ կտապալվեն, և եթե նրանք չհամաձայնվեն գործարքին, ինձ համար պատիվ կլինի անել այն, ինչ պետք է անեին այլ նախագահներ վերջին 47 տարիների ընթացքում Իրանի հետ»,-գրել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը ևս սպառնացել էր ոչնչացնել Իրանի կարևոր ենթակառուցվածքները, ինչից հետո կողմերը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին և սկսել բանակցություններ։

Ինչպես հայտնել է BBC-ին Սպիտակ տան ներկայացուցիչը, Իսլամաբադում նախատեսվող բանակցություններում ամերիկյան պատվիրակությունը կրկին գլխավորելու է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ քննարկումներին մասնակցելու են նաև Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները։

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ իրանական պատվիրակությունը կարող է Իսլամաբադ ժամանել ապրիլի 21-ին։ Նախորդ հանդիպմանը այն գլխավորել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։

Միևնույն ժամանակ իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանը չի պատրաստվում մասնակցել բանակցություններին, քանի դեռ շարունակվում է ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների և նավերի շրջափակումը Հորմուզի նեղուցում։

Նախօրեին Իրանը կրկին փակել է նեղուցը՝ հայտարարելով, որ այն կմնա փակ, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի իրանական նավերի և նավահանգիստների շրջափակումը։

Tasnim գործակալությունը հաղորդել է, որ «ծովային շրջափակման շարունակման պայմաններում Իրանի զինված ուժերը կիրակի օրը չեն թույլատրել ևս երկու նավթատարների անցումը Հորմուզի նեղուցով»։ Նշվել է, որ այդ տանկերները, որոնք նավարկել են Բոտսվանայի և Անգոլայի դրոշների տակ, ստիպված են եղել փոխել ուղղությունն ու նահանջել։

Իրանի գլխավոր բանակցող և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ի շրջափակումը շարունակվում է՝ միաժամանակ նշելով, որ կողմերի միջև մնացել են «ընդամենը» մեկ կամ երկու վիճահարույց հարցեր։

Ապրիլի 19-ին Թրամփը կրկին մեղադրել է Իրանին՝ հայտարարելով, որ Թեհրանը «նախօրեին որոշել է կրակ բացել Հորմուզի նեղուցում», թիրախավորելով ֆրանսիական նավ և բրիտանական բեռնանավ։

ԱՄՆ-ն հայտարարել է, որ շարունակում է արգելափակել իրանական նավերի տեղաշարժը, իսկ Պենտագոնը նշել է, որ շրջափակման սկզբից ի վեր ստիպել է 23 նավի փոխել ուղղությունը։

Իրանի ռազմածովային ուժերը, իրենց հերթին, ընդգծել են, որ ԱՄՆ-ի գործողությունները հանդիսանում են «հրադադարի պայմանների խախտում»։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերը նաև նախազգուշացրել են, որ «ոչ մի նավ չպետք է լքի իր խարիսխը Պարսից ծոցում կամ Օմանի ծոցում»։

«Հորմուզի նեղուցին մոտենալը կդիտվի որպես համագործակցություն թշնամու հետ, և խախտող նավը կդառնա թիրախ», — նշված է հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ «Դոնալդ Թրամփի հայտարարությունները Հորմուզի նեղուցի վերաբերյալ ուժ չունեն»։

MarineTraffic կայքի տվյալներով՝ ներկայումս նեղուցով նավեր չեն անցնում, իսկ շատերը խարիսխ են գցել Պարսից ծոցում՝ մասնավորապես Օմանի և ԱՄԷ-ի ափերի մոտ։

Ապրիլի 18-ին նեղուցով որոշ նավեր անցել են, սակայն դրանց շարժը կտրուկ դանդաղել է այն բանից հետո, երբ Թեհրանը հայտարարել է ջրային ուղու փակման մասին։

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի կազմակերպությունը (UKMTO) հայտնել է, որ Օմանի ափերի մոտ հարձակման են ենթարկվել տանկեր և կոնտեյներատար նավ, ինչը դարձել է վերջին ավելի քան տաս օրերի ընթացքում առաջին նման դեպքը։

«Կապիտանը հայտնում է, որ երկու ԻՀՊԿ նավակ մոտեցել են նավին, չեն արձագանքել ռադիոկապին, այնուհետև կրակ են բացել տանկերի վրա։ Տանկերին և անձնակազմին վտանգ չի սպառնում։ Իշխանությունները հետաքննություն են անցկացնում», — նշված է UKMTO-ի հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ կազմակերպությունը տեղեկացրել է, որ մեկ այլ նավի վրա ընկել է «անհայտ արկ», իսկ զբոսանավի մոտ ջրում արձանագրվել է անհայտ օբյեկտի անկում։

Հնդկաստանի արտգործնախարարությունն էլ հայտնել է, որ երկրի դրոշով երկու նավ ներգրավվել են «կրակոցների հետ կապված միջադեպում» նեղուցում։

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում մասնակցել ԱՄՆ-ի հետ բանակցություններին Պակիստանում, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է երկրի նավահանգիստների շրջափակումը Հորմուզի նեղուցում։ Այս մասին ապրիլի 19-ին հաղորդել է իրանական պետական Tasnim գործակալությունը, հայտնում է Deutsche Welle-ն:

Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 11-12-ը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, սակայն ավարտվել է առանց արդյունքի։

Tasnim-ը, հղում անելով Իսլամական Հանրապետության պատվիրակությանը, նշել է, որ հանդիպումից հետո կողմերը շարունակել են հաղորդակցվել միջնորդների միջոցով, սակայն իրանական կողմի գնահատմամբ գործընթացը փակուղի է մտել՝ պայմանավորված ԱՄՆ-ի «մեծ պահանջների և ամբիցիաների» պատճառով։

IRNA գործակալությունը հերքել է Պակիստանում բանակցությունների նոր փուլի մասին տեղեկությունները՝ դրանք անվանելով իրականությանը չհամապատասխանող։

Axios-ը նշել է, որ Իրանը մտահոգություն է հայտնել, թե հնարավոր գործարքի շուրջ բանակցությունները կարող են օգտագործվել որպես Սպիտակ տան կողմից հնարք և քողարկում՝ հանկարծակի հարձակման համար։