20 ապրիլի 2026 - 11:06 AMT
Գյումրիում ստորագրահավաք է՝ Միքայել սրբազանին տնային կալանքից ազատելու պահանջով

Գյումրու Վարդանանց հրապարակում գտնվող «Սուրբ Յոթ վերք» եկեղեցու բակում ապրիլի 19-ի առավոտից մեկնարկել է ստորագրահավաք՝ տնային կալանքի տակ գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատ արձակելու պահանջով։

Մասնակիցների թվում են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը, ՀՅԴ ներկայացուցիչներ, մտավորականներ և բազմաթիվ գյումրեցիներ, հայտնում է Aravot.am-ը:

Նշվում է, որ ստորագրողների զգալի մասը երիտասարդներ էին, որոնք, անտեսելով նույն հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացվող համերգը, շտապել են միանալ նախաձեռնությանը՝ առաջնորդին համարելով քաղբանտարկյալ։

Ստորագրահավաքի տեքստում, որը ներկայացված է որպես «Հայտարարություն ու հասարակական պահանջ», նշված է․ «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և կիրառված խափանման միջոցը հասնում են խոշտանգման, քանի որ սրբազանը չի կարողանում կատարել իր հովվական պարտականությունները, իսկ թեմի հավատավորները չեն կարողանում բավարարել իրենց հոգևոր պահանջմունքները: Սրբազանը զրկված է նույնիսկ ժամերգություններին մասնակցելու իրավունքից, որը համարվում է միասնական աղոթքի դրսևորման ձև և պարտադիր է քրիստոնյա հավատացյալների և հոգևորականների համար»:

Տեքստում ընդգծվել է նաև հավատացյալների սահմանադրական իրավունքների խախտման հանգամանքը։

«Սրբազանի շարունակական անազատության մեջ գտնվելու պատճառով տուժում է Շիրակի թեմի հավատացյալների կրոնական պահանջմունքները բավարարելու սահմանադրական իրավունքը, ուստի պետության այսօրինակ միջամտությունն այլևս արդարացված չէ, քանի որ ինչպես բարձրաստիճան հոգևորականին, որը իր գոյության կես դարից ավելին նվիրել է Աստծուն և Հայ Եկեղեցու շենացմանը, այնպես էլ հասարակության քրիստոնյա հատվածի հոգևոր պահանջմունքներին հասցվում է անդառնալի վնաս: Ուստի, պահանջում ենք՝ անհապաղ վերացնե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը, դադարեցնե՛լ նրա նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և հռչակե՛լ Սրբազանի անմեղությունը»,- ասված է տեքստում։

Եկեղեցասեր երիտասարդ, Միքայել սրբազանի հոգեզավակ Աբրասիմ Աթոյանը Aravot.am-ին հայտնել է, որ արդեն մոտ 3500 մարդ միացել է ստորագրահավաքին․ մոտ 500 ստորագրություն հավաքվել է թղթային տարբերակով, իսկ մոտ 3000-ը՝ էլեկտրոնային եղանակով։

2025-սեպտեմբերին դատարանը մեղավոր է ճանաչել իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, իսկ հոկտեմբերին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Ավելի ուշ նրա խափանման միջոցը փոխարինվել է տնյաին կալանքով: