
Ապրիլ ամսից շտապօգնության ծառայության բժիշկները, բուժքույրերը և բուժանձնակազմը և վարորդները կստանան բարձրացված աշխատավարձ: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ, ասել է Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը:
«Մենք վերջապես ապահովագրական հիմնադրամից ստացանք վերջնական արդյուքնները, որ բարձարցվելու է շտապօգնության աշխատակիցների գումարները»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Պաշտոնյան հայտնել է, որ ապրիլ ամսից բժիշկները, բուժքույրերը և ֆելդշերները կստանան 20 տոկոսով բարձր աշխատավարձ, իսկ գծային բրիգադների վարորդների վարձատրությունը կաճի 30 տոկոսով։
«Նախատեսված է նաև, որ ֆելտշերական բրիգադների և հոգեբուժական բրիգադների համար աշխատավարձը կբարձրանա 20 %, քանի որ հաշվարկն արված է մարտի 1-ից, իսկ աշխատավարձը արդեն ստացել են, մարտ ամսվա համար միանվագ կտանք պարգևատրում 40-հազարական դրամ»,- ասել է Դավիթ Կարապետյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարին հայտարարել էր, որ Երևանում շտապօգնության մեկ կանչի համար Երևանի շտապօգնություն ՓԲԸ-ին տրվող գումարը կավելանա։
Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ՝ Առողջապահության նախարարության կողմից շտապ բժշկական օգնության ծառայությունների փոխհատուցման գործընթացում կիրառվել է ընտրովի և ոչ օբյեկտիվ մոտեցում, որը շուկայում ստեղծել է մրցակցային անարդարություն։ Երևանի Շտապօգնություն ՓԲԸ–ն, որը ենթակա է Երևանի քաղաքապետարանին, մինչ այժմ ստանում է ընդամենը 8020 դրամ մեկ կանչի դիմաց, մինչդեռ մարզերում գործող «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» ընկերության փոխհատուցման չափը հասնում է մոտ 13 հազար դրամի։