20 ապրիլի 2026 - 15:55 AMT
Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այդ մասին հայտնել են գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Radar Armenia-ն:

«2025 թվականի դեկտեմբերի 25-ին մեղադրյալ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,-ասվում է պատասխանում:

2023-ի դեկտեմբերին Գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել էր գրավով և վարչական հսկողությամբ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարել էր Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։

Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է հողատարածքի օտարմանը։ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: Նկատենք, որ ըստ դատախազության, գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, ինչը ձեւակերպվել է երրորդ անձի անվամբ։ Գործով մեղադրյալները 13-ն են, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։