24 հունիսի 2009 - 15:54 AMT
Առաջիկայում Հայաստանում կստորագրվի «Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը»
Առաջիկայում կստորագրվի Հայաստանի նախագահի հրամանագրով մշակված «ՀՀ տեղեկատվական անվտանգության հայեցակարգը»: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության կենտրոնի ղեկավար Արա Սաղաթելյանը: «Հայեցակարգի ընդունումը հիմք կծառայի տեղեկատվական քաղաքականության կանոնակարգման համար: Նման հայեցակարգի առկայությունը օրվա հրամայականն է եւ հենց դա է պատճառը, որ նախագահը հանձնարարել է սեղմ ժամկետում մշակել եւ ներկայացնել հայեցակարգը»,-ասել է նա: Ըստ Սաղաթելյանի, այդ փաստաթուղթը Հայաստանում տեղեկատվական անվտանգության համակարգի ներկա իրավիճակի ընդհանուր նկարագրությունն է, արտաքին եւ ներքին մարտահրավերների նկարագրությունը, ինչպես նաեւ այդ ոլորտում առկա խնդիրների ու դրանց լուծման մեխանիզմների ուսումասիրություն է:

«Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը» ոչ միայն զուտ քաղաքական փաստաթուղթ է: Այն վերաբերում է մեր առօրյա կյանքին ու աշխատանքին»,-ասել է Արա Սաղաթելյանը` հավելելով, որ շնորհիվ այդ հայեցակարգի մի քանի ամսից Հայաստանը կունենա տեղեկատվական անվտանգության կուռ համակարգ: «Տեղեկատվության անվտանգության համակարգը Հայաստանում, ինչպես բոլոր հետխորհրդային երկրներում, Ռուսաստանից ու Ղազախստանից բացի, գտնվում է կազմավորման փուլում»,-ասել է Սաղաթելյանը: