23 ապրիլի 2026 - 10:27 AMT
Կարապետյանի որդին Մակրոնին հրավիրել է իրենց տուն․ «Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի ավագ որդի Սարգիս Կարապետյանը ֆրանսերենով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` հորդորելով ՀՀ այցի շրջանակում հանդիպել իր հոր հետ:

Մակրոնն այցելելու է Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Նախորդ այցը նա իրականացրել էր 2018 թվականին՝ կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ։

«Եթե ձեզ համար կարևոր են ժողովրդավարական արժեքները, նախ պետք է հանդիպեք նրա հետ, նա կալանքի տակ է։ Մենք ձեզ հրավիրում ենք այցելել մեզ։ Դուք ձեզ կզգաք ինչպես տանը»,- վստահեցրել է Սարգիս Կարապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Կարապետյանը շեշտել է, որ Մակրոնի սպասվող այցը դրական է և հայ հանրությունը բարձր է գնահատում երկու երկրների միջև ձևավորված բարեկամական կապերը։

«Դուք գալիս եք Հայաստան մի մարդու հրավերով, որին անվանում եք Ձեր ընկերը, բայց որը հայ ժողովրդի թշնամին է։ Նիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է՝ միջազգային հանրության խաբելով և ժողովրդավարական արժեքների հետևում թաքնվելով։ Նա երկիրը մղել է իրավական քաոսի՝ հարձակվելով մեր եկեղեցու, մեր սփյուռքի, և իր քաղաքական հակառակորդների վրա։ Ցանկացած բնռապետություն կնախանձեր այդքան մեծ թվով քաղբանտարկյալների»,- ասել է Սարգիս Կարապետյանը։

Նա իր ուղերձում նշել է, որ ընտրություններից երկու ամիս առաջ Փաշինյանի հրավերն ընդունելը նրան նոր հնարավորություն է տվել մոլորեցնելու հայ հասարակությանը։ Քաղաքական գործչի որդին պնդել է, որ գործող ղեկավարի հետ հանդիպումը նպատակահարմար չէ, քանի որ երկու ամիս անց Սամվել Կարապետյանը դառնալու է Հայաստանի վարչապետ։

Սամվել Կարապետյանի բնակարանում 2025 թվականի հունիսի 17-ին խուզարկություն է իրականացվել այն բանից հետո, երբ նա հրապարակայնորեն աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքր խմբակ, անտեսելով հայոց պատմությունն ու եկեղեցու հազարամյակների ժառանգությունը, հարձակվել է եկեղեցու և ժողովրդի վրա։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին։

Նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքները վերաբերել են հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարների չվճարմանը, փողերի լվացմանը և իշխանության զավթմանն ուղղված գործողություններին։ Դեկտեմբերի 30-ից նա գտնվել է տնային կալանքի տակ, վճարվել է նաև գրավ։ 2026 թվականի ապրիլի 17-ին դատարանը երկարաձգել է տնային կալանքը ևս երեք ամսով, միաժամանակ թույլատրելով նրան հարցազրույցներ տալ։