
Երևանով էլ, Գյումրիով էլ շատ լուրջ պիտի զբաղվենք, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Երևանի խցանումներին, ինչպես նաև մայրաքաղաքի և Գյումրիի ճանապարհների վիճակին:
Նա նաև հայտարարել է, որ Երևանի նախկին քաղաքապետը և Գյումրիի համայնքի ղեկավարները բացահայտ կամ ոչ բացահայտ գործել ենկառավարության դեմ, հայտնում է 1lurer.am-ը:
Նա նշել է, որ խցանումների հարցում կարևոր է հասկանալ, որ ցանկացած քաղաք ունի իր սահմանափակումները՝ կապված մեքենաների քանակի հետ, և անհրաժեշտ է ինչպես վարորդների զգոնություն, այնպես էլ որոշումների ընդունում համապատասխան փուլում։ Նրա խոսքով՝ այս խնդրով զբաղվելու համար արդեն ձևավորվել է աշխատանքային խումբ։
Անդրադառնալով ճանապարհաշինության թեմային՝ Փաշինյանը նշել է, որ Գյումրիի վարչական սահմաններից դուրս ճանապարհները գտնվում են լավ վիճակում, ինչը, ըստ նրա, վկայում է արդյունավետ կառավարման մասին։ Միևնույն ժամանակ նա քննադատել է քաղաքային իշխանությունների աշխատանքը՝ նշելով, որ որոշ դեպքերում դրանք չեն գործել համայնքի շահերից ելնելով և չեն օգտվել պետական ծրագրերից։
«Հեղափոխությունից հետո էլ՝ 2018 թվից, Գյումրիում եղել է քաղաքային իշխանություն, որն ուղղակի կամ անուղղակի, բացահայտ թե տակից, գործել է ի հեճուկս Կառավարության, և դրա արդյունքը տեսնում ենք:
Նույնը Երևանում է: Ցավոք սրտի, 2018-ի ընտրություններից հետո մեր կուսակցության ներքո ձևավորված իշխանությունը և քաղաքապետն էլ, ուղղակի թե անուղղակի, 1000 ձևերով, իրենց օրակարգերով… և այլն, և դրա հետևանքն այսօր տեսնում ենք»,-ասել է նա։
Վարչապետը հավելել է, որ որոշվել է Գյումրիում իրականացնել Անի և Ավստրիական թաղամասերի փողոցների ասֆալտապատման ծրագիր՝ հաշվի առնելով առկա խնդիրները։ Նա նաև ընդգծել է, որ համայնքային ճանապարհների պատասխանատվությունը հիմնականում համայնքների վրա է։
Երևանի ճանապարհների վիճակի վերաբերյալ Փաշինյանը նշել է, որ հանձնարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանին արագ լուծումներ գտնել՝ ընդգծելով, որ եղանակային պայմանները նույնպես ազդում են աշխատանքների ընթացքի վրա։
«Հանձնարարել եմ դեռևս փետրվարին, որ Երևանում անհրաժեշտ միջոցները ձեռնարկվեն գոնե այս պահի խնդիրը լուծելու համար: Եղանակն է շատ խանգարում, որովհետև անձրևի պայմաններում ասֆալտ անել չի լինի»,- ասել է նա։
Վերջում վարչապետը շեշտել է, որ անհրաժեշտ է լրջորեն զբաղվել ինչպես Երևանի, այնպես էլ Գյումրիի խնդիրներով։
«Մենք Երևանով էլ, Գյումրիով էլ շատ լուրջ պիտի զբաղվենք, որովհետև մարդիկ հո մեղավոր չե՞ն, որ ինչ-որ մեկը գալիս է, հեղափոխության ներքո ընտրվում է, հետո ուրիշ օրակարգեր է բացահայտ կամ ոչ բացահայտ առաջ տանում, մյուսներն էլ գալիս, համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում են, իրեն պատկերացնում են չգիտեմ ինչ, փոխանակ համայքների խնդիրներով զբաղվեն: Մի հատ էլ մեր կառուցած շատրվանը միացնում են Доля Воровская երգով: Հիմա հույս ունեմ՝ երգում է Доля Воровская-ն առավոտ-իրիկուն»,-ասել է Փաշինյանը:
Գյումրիի քաղաքապետը գտնվում է կալանքի տակ: