
ՀՀ և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա, հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորումի» շրջանակում անցկացված պանելային քննարկմանը՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղության հաստատման հարցերին։
Քննարկումը տեղի է ունեցել «Ռազմավարական բաժանարար գծեր․ հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագրով՝ Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի և Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի մասնակցությամբ։
Իր ելույթում Գրիգորյանը անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին՝ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և դրա ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացվող քայլերը։
ԱԽ քարտուղարը խոսել է նաև տարածաշրջանային ապաշրջափակման կարևորության մասին՝ ներկայացնելով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը և դրանց արդյունքում ձևավորվող տնտեսական հնարավորությունները։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։