
Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը պետք է բարձրացնել Երևանում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում, հայտարարել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
Նա այդ մասին խոսել է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ճանաչում, արդարություն, կանխարգելում՝ 1915-ից մինչև Արցախի էթնիկ զտումներ» թեմայով տեսակոնֆերանսի ընթացքում՝ ընդգծելով թեմայի միջազգային կարևորությունը, հայտնում է Sputnik Արմենիան:
Օկամպոյի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը իրենց բնակավայրեր և գերեվարված անձանց ազատ արձակումը պետք է ներառված լինեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի քննարկումների օրակարգում։
Նա նաև զուգահեռներ է անցկացրել 1915 թվականի իրադարձությունների և 2023 թվականին Արցախում տեղի ունեցած զարգացումների միջև՝ նշելով, որ երկու դեպքերում էլ արձանագրվել է առաջնորդների մեկուսացում և հայ բնակչության տեղահանում, սակայն ներկայում հնարավոր է կիրառել պաշտպանական մեխանիզմներ։
Օկամպոն կարևորել է թեմայի լայն հրապարակայնացումը՝ լրատվամիջոցների, հանրային քննարկումների և տարբեր նախաձեռնությունների միջոցով, որպեսզի միջազգային հանրությունը, մասնավորապես եվրոպացի առաջնորդները, ուշադրություն դարձնեն դրան։ Նրա խոսքով՝ միջազգային դատական կառույցները կարող են հանդիսանալ գործուն մեխանիզմ՝ գերիների իրավունքների պաշտպանության և վերադարձի ապահովման համար։
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։