24 ապրիլի 2026 - 17:23 AMT
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է նոր ժամանակավոր ցուցադրություն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է նոր ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված ցեղասպանության փաստագրմանը մասնակցած հայ մտավորականներին և հոգևորականներին։ Այդ մասին հայտնել է թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը՝ նշելով, որ նմանատիպ ցուցադրություն կազմակերպվել է նաև նախորդ տարի՝ ապրիլի 24-ին ընդառաջ:

Նա պարզաբանել է, որ նախորդ տարվա ցուցադրությունը վերաբերել է օտարերկրյա գործիչներին՝ դիվանագետներին, լրագրողներին, միսիոներներին և այլ անձանց, որոնք առաջիններից են վավերագրել Հայոց ցեղասպանությունը՝ հավաքելով և հրապարակելով կարևոր տեղեկություններ, հայտնում է Արմենպրեսը:

«Անցյալ տարի ցուցադրությունը նվիրված էր օտարերկրյա այն անձանց՝ դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ, հոգևորականներ, միսիոներներ, ովքեր առաջին վկայություններն են արել Հայոց ցեղասպանության մասին՝ փաստագրելով իրադարձությունները, տեղեկատվություն են հավաքել, կուտակել և հետո հրատարակել։ Այս տարի նույնը վերաբերում է այդ առաքելությունն իրականացրած հայ մտավորականներին, հոգևորականներին, ովքեր հենց առաջին տարիներին հավաքագրել են, այդ տեղեկատվությունը և փոխանցել սերունդներին»,-ասել է Թաշչյանը:

Նա մանրամասնել է, որ երկու ցուցադրություններն էլ այժմ ներկայացված են թանգարանում։