4 մայիսի 2026 - 14:16 AMT
Հայ գերիների ընտանիքները բաց նամակով դիմել են ՀՀ-ում գտնվող Կանադայի վարչապետին

Բաքվում պահվող հայ գերիների ընտանիքները բաց նամակով դիմել են Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ խնդրելով ներգրավել Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային և աջակցել Բաքվում պահվող հայերի անհապաղ ու անվերապահ ազատ արձակման ջանքերին, գրում է Sputnik Արմենիան՝ freearmenianprisoners.com կայքի վրա հղումով:

Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություն, որոնց թվում է նաև Քարնին։

Գերիների ընտանիքներն իրենց նամակում ընդգծել են, որ Կանադան ցուցաբերել է սկզբունքային առաջնորդություն՝ պայքարելով կամայական կալանքի և պատանդային դիվանագիտության դեմ։

«Ստեղծելով Պատանդների հարցերով ավագ պաշտոնյայի ինստիտուտ և լինելով Միջպետական հարաբերություններում կամայական կալանքի դեմ հռչակագրի առաջամարտիկ՝ Կանադան հաստատել է, որ պետությունների միջև հարաբերություններում մարդիկ չպետք է օգտագործվեն որպես քաղաքական լծակ: Ամենայն հարգանքով նշում ենք, որ մեր հարազատների հետ կատարվողը լիովին համապատասխանում է այս պարտավորությունների ոգուն և նպատակին»,-նշված է նամակում։

Ընտանիքները կոչ են արել Կանադային օգտագործել իր ձայնը, դիվանագիտական կապերն ու Եվրամիության, Միացյալ Նահանգների և կամայական կալանքի դեմ հռչակագրին միացած այլ երկրների հետ հարաբերությունները՝ Ադրբեջանի վրա համակարգված ճնշում գործադրելու համար։

Նամակում շեշտադրվել է, որ Ադրբեջանի կողմից խաղաղության հանդեպ հայտարարված հանձնառությունը չի կարող վստահություն ներշնչել հայ հանրությանը, քանի դեռ հայ բանտարկյալները շարունակում են մնալ գերության մեջ։ Ընդգծվել է, որ միայն նրանց ազատ արձակումը և հայրենիք վերադարձը կարող են դառնալ իրական խաղաղության գործընթացի անփոխարինելի հիմք և վստահության ամրապնդման կարևոր միջոց։

«Ձեր այցը Երևան կարևոր հնարավորություն է ցույց տալու, որ կամայական կալանքին վերջ դնելու Կանադայի հանձնառությունը ոչ միայն խոսք է, այլև գործ։ Մեծագույն հարգանքով կոչ ենք անում Ձեզ հանդիպել Բաքվում պահվող բանտարկյալների ընտանիքների հետ, լսել մեզ և բարձրացնել հայ բանտարկյալների հարցը այլ երկրների ղեկավարների հետ Ձեր հանդիպումներում»,-նշված է նամակում։

Գերիների հարազատները նաև վստահություն են հայտնել, որ Կանադան կարող է սկզբունքային և կառուցողական դեր ունենալ իրենց ընտանիքների տառապանքների ավարտին հասնելու գործում։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։