
Արցախում 2023 թվականին զոհված և հուղարկավորված զինծառայողների ծնողներն ու հարազատներն արտաշիրիմում են պահանջում։ Նրանք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ ակցիա են անում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ։
«Մեր երեխաների, հարազատների գերեզմանները 2023 թվականի ռազմական գործողություններից հետո Արցախում են մնացել։ Մենք պահանջում են արտաշիրիմում։ Պահանջում ենք մեր հարազատների գերեզմանները տեղափոխել ու զոհված զինծառայողին վայել հուղարկավորել ՀՀ տարածքում։ Նրանց գերեզմանների վայրերը հստակ հայտնի են։ Խնդրում ենք օգնության ձեռք մեկնել մեզ»,- ասել է զոհված զինծառայողներից մեկի հարազատը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է ընդամենը երկու օրում զոհված և հուղարկավորված զինծառայողներին, որոնց շիրիմները չեն հասցվել անգամ բարեկարգել և այժմ գտնվում են հակառակորդի վերահսկողության տակ։
Ակցիայի մասնակիցները իրենց ձեռքում պահել են պաստառներ՝ տարբեր գրություններով, այդ թվում՝ «2023-ին Արցախում մնացած զոհերը չպետք է անտեսված մնան», «Պահանջում ենք միջազգային միջամտություն՝ 2023-ի զոհերի արտաշիրիմման և վերահուղարկավորման համար», «Արտաշիրիմումն իրավունք է, ոչ թե զիջում», «2023 թվականի զոհերի արտաշիրիմումը մարդասիրական հրամայական է»։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։