
Հայաստանն իր արժանի տեղն ունի եվրոպական ընտանիքում, հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն Երևանում մեկնարկած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում:
Նա անդրադարձել է առաջիկա ընտրությունների նշանակությանը, գրում է Արմենպրեսը:
«Առաջիկա ընտրությունները կլինեն ժողովրդավարության ուժի ևս մեկ փորձություն Եվրոպայում, որը հսկայական ճնշման տակ է ինչպես դրսից, այնպես էլ ներսից, այդ իսկ պատճառով Եվրոպայի անվտանգությունը ԵՔՀ գագաթնաժողովի կենտրոնական թեմաներից էր։ Առաջին անգամը չէ, որ Եվրոպան հայտնվել է այս իրավիճակում։ Մենք նախկինում բախվել ենք դրան։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպացիների մի սերունդ որոշեց, որ իշխանությունը պետք է ենթարկվի օրենքին։ Նրանք տեսել էին, թե ինչ է տեղի ունենում, երբ իշխանությունն անվերահսկելի է, և դիմեցին ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանն ու ստեղծեցին Եվրոպայի Խորհուրդը և այլ հաստատություններ։ Այնուհետև, նրանք Եվրոպային տվեցին Մարդու իրավունքների կոնվենցիա և Դատարան, որոնք Եվրոպայի իրավական կարգի հիմնաքարերն են։ Այդ ամենն ընդհանուր իրավական տարածքի սկիզբն էր, որը միավորում է եվրոպական մայրցամաքի բոլոր երկրներին։ Կոնվենցիան և Դատարանն առանցքային դեր խաղացին նաև Հայաստանի ժողովրդավարական պատմության մեջ»,- ընդգծել է Ալեն Բերսեն։
Նա նշել է, որ Հայաստանը, Իռլանդիան և Բոսնիա և Հերցեգովինան ցույց են տվել, որ կայուն խաղաղությունը կախված չէ միայն ուժից։
«Ոմանք կցանկանային, որ մենք հավատայինք՝ գործընկերությունները չեն պահանջում համաձայնություններ բոլոր արժեքների շուրջ։ Դա հարկադրված ընտրություն է և վտանգավոր խաղ Եվրոպայի անվտանգության և կայունության հետ։ Երբ ուժը սկսում է փոխարինել օրենքին պետությունների միջև, այն իր ճանապարհն է գտնում մեր ժողովրդավարությունների մեջ՝ թուլացնելով օրենքի գերակայությունը ներսից»,- նշել է նա։
Բերսեն ընդգծել է, որ Եվրոպային անհրաժեշտ է ոչ միայն ռազմական, այլև ինստիտուցիոնալ անվտանգություն՝ հիմնված անկախ դատարանների, թափանցիկ ընտրությունների և ազատ մամուլի վրա։
«Հայաստանի առաջիկա ընտրությունները լիովին բացահայտում են այս նոր իրականությունը։ Նրանք հիբրիդային սպառնալիքների թիրախ են դարձել, ներառյալ ապատեղեկատվությունը, և մենք նույն միջամտության օրինաչափությունները դիտարկել ենք Մոլդովայի Հանրապետությունում, Չեխիայում և վերջին տարիների այլ ընտրություններում, և դրա մեծ մասը տարածվում է առցանց՝ արհեստական բանականության հեղափոխության պայմաններում։ Եվ դրա պատասխանը տեխնոլոգիայից վախենալը չէ։ Այն ժողովրդավարական ընտրության պաշտպանությունն է՝ առանց խոսքի նկատմամբ վերահսկողության։ Ահա թե ինչու ենք մշակում շրջանակային կոնվենցիա օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության վերաբերյալ»,- շեշտել է նա։
Նրա խոսքով՝ ժողովրդավարական անվտանգությունը ներկայումս կարևորագույն գործոն է, որը միավորում է հասարակությունները՝ դիմակայելու պատերազմների, տեխնոլոգիական փոփոխությունների, միգրացիայի, կլիմայական խնդիրների և ապատեղեկատվության մարտահրավերներին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա՝ ամրապնդելով իր տեղը եվրոպական ընտանիքում։ Նա այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
«Հայաստանը վճռականորեն ընտրել է խաղաղության և բարգավաճման ուղին, ամրապնդել է իր ժողովրդավարությունը՝ չնայած փորձություններին։ Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա և միշտ եղել է եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։ Այդ առաջընթացը եվրոպական քաղաքականության ոլորտում, կարելի է ասել, ակնհայտ է ինձ համար այս վերջին երկու օրերի ընթացքում»,- ասել է Մակրոնը։
Նա ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները հիմնված են պատմական կապերի և եղբայրության վրա, և այժմ մտել են զարգացման նոր փուլ։
«Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարեկամությունը ձևավորվել է ընդհանուր պատմության և անսասան եղբայրության հիմքով, և այս հարաբերություններն այժմ նոր շրջադարձ են ապրում»,- նշել է նա։
Մակրոնը հիշեցրել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանը անցել է զգալի ճանապարհ՝ հաղթահարելով պատերազմի հետևանքները և շարժվելով դեպի խաղաղություն ու զարգացում։
«Հայաստանն անցել է պատերազմի միջով, այնուհետև հաստատել է խաղաղություն, այնուհետև՝ բարգավաճում»,- նշել է նա՝ հավելելով, որ վերջին տարիներին երկրի տնտեսությունը գրանցել է մոտ 6 տոկոս միջին տարեկան աճ։
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Երևանում անցկացված միջազգային միջոցառումները վկայում են Հայաստանի եվրոպական ուղղության մասին։
«Այս ամենը 8 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել՝ կազմակերպել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով Երևանում, կազմակերպել Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողով»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ կարևոր է խորացնել Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ հատկապես ներդրումների, ենթակառուցվածքների և տնտեսական կապերի զարգացման ուղղությամբ։
Մակրոնը նշել է, որ նախատեսվում է ավելացնել ներդրումները, զարգացնել պաշտպանական համագործակցությունը և առաջ տանել վիզաների ազատականացման գործընթացը։
Նա նաև անդրադարձել է տնտեսական նախագծերին՝ ընդգծելով ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը, այդ թվում՝ Բարգուշատի թունելի կառուցմանը և ջրային ոլորտում նախաձեռնություններին։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ֆրանսիան ակտիվ դեր է խաղում Հայաստանում նաև Զարգացման ֆրանսիական գործակալության միջոցով՝ աջակցելով ներառական զարգացման ծրագրերին։
Նա կարևորել է նաև համագործակցությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում՝ առանձնացնելով Ֆրանսիական համալսարանի դերը և մշակութային հաստատությունների միջև գործընկերությունը։
Մակրոնը շեշտել է, որ նոր փուլ է սկսվել նաև պաշտպանական ոլորտում՝ կարևորելով ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։
«Մենք ցանկացել ենք աջակցել Հայաստանի զինված ուժերի արդիականացմանը և ինքնիշխանության ամրապնդմանը»,- ասել է նա։
Վերջում Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի խաղաղության օրակարգին և տարածաշրջանային կայունությանը։
«Մենք ցանկանում ենք և հաստատակամ ենք ձեզ ուղեկցել կայուն խաղաղության ճանապարհին»,- նշել է նա։
Ելույթի ավարտին Մակրոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ընդգծել, որ ստորագրված համաձայնագրերը նոր հեռանկարներ են բացում առաջիկա տարիների համար։
Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հռչակագրի ստորագրումը կայացել է Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցի շրջանակում: