6 մայիսի 2026 - 11:52 AMT
Աբրահամյան․ Այստեղ իրեն ինչպես տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը, մինչդեռ նրա երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում:

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանն ու Թուրքիան դեռ չեն քննարկել սահմանի բացման ժամկետների հարցը, և հավելել, որ Հայաստանում զգում է իրեն ինչպես տանը:

Նա հավելել է, որ դրա պատճառներից մեկն այն է, որ 2020 թվականին վերջապես կյանքի կոչեցին իրենց վաղեմի նպատակը՝ «դառնալով ՀՀ-ում որոշիչ գործոն»։

«Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը, նշում էր, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում վստահության բարձրացումը կախված է նաև տարածաշրջանային զարգացումներից։ Ավելի պարզ՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերություններից։

Մեկ այլ հանգամանք․ իրեն տանը զգացող պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը, այն դեպքում, երբ 1993 թվականից փակված սահմանի պատճառաբանության հիմքում դրվել էր հայկական զորքերի կողմից Քարվաճառի ազատագրումը։

ՀՀ իշխանությունների՝ Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել՝ ևս մեկ անգամ ընդգծելով պարզ ճշմարտությունը, որ արտաքին քաղաքականությունը միակողմանի զիջումների և պարտվողականության վրա կառուցողները շարունակաբար կորցնում են։

Ի վերջո, թուրքերը իրենց զգում են ինչպես իրենց տանը նաև այն պատճառով, որ 2020 թվականին վերջապես կյանքի կոչեցին իրենց վաղեմի նպատակը՝ դառնալով ՀՀ-ում որոշիչ գործոն»,-ասվում է գրառման մեջ: