25 հունիսի 2009 - 02:14 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են տարբեր մակարդակներով
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են տարբեր մակարդակներով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բուրակ Օզուգերգինը: «Մենք Երեւանի հետ քննարկում ենք բոլոր հարցերը եւ ամենակարեւորը` մենք հաստատել ենք հարաբերությունների կարգավորման սկզբունքները»,-ասել է նա: Ըստ Օզուգերգինի, «Ճանապարհային քարտեզը» կհրապարակվի, երբ հարմար պահը գա: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Անկարան սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը խաղաղ ճանապարհով եւ կնպաստեն դրական զարգացումներին եւ քայլերին ԵԱՀԿ ՄԽ կողմից: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կվերականգնի կայունությունը տարածաշրջանում»,-ասել է Օզուգերգինը: Նա հավելել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների Կորֆու կղզում կայացած հանդիպման շրջանակներում կարող է հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, գրում է թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուսը»: