
ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի շրջանակում «Եվրոպան՝ ուժի և գերակայության նոր ձևերի միջև․ աշխարհաքաղաքական դերակատարություն մասնատվող աշխարհում» խորագրով պանելային քննարկմանը։
ԱԽ քարտուղարն իր ելույթում նշել է, որ Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, որտեղ կարևոր տեղ է հատկացվում բազմազանեցման քաղաքականությանը։
Արմեն Գրիգորյանը նաև անդրադարձել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանը հակամարտությունների գոտուց վերածվել է կայունության և խաղաղության տարածքի։ Նա նշել է նաև, որ խաղաղության հիմնական շահառուները հենց տարածաշրջանի երկրներն են։
Այս համատեքստում Գրիգորյանը շեշտել է, որ խաղաղության հաստատումն է մեծացրել միջազգային հանրության ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ։
Երևանում մայիսի 4-ին տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդել է Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։