
Հայաստանում, հավանաբար, Սահմանադրության հետ կապված հանրաքվե կանցկացվի, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում:
«Ադրբեջանի հետ բանակացությունների փուլում Հայաստանի Սահմանադրության հետ կապված պահանջ, պայման չկա։ Սահմանադրության թեման երկկողմ օրակարգում չկա»,- հայտարարել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ Ադրբեջանը նման հայտարարություններ անում է, և ինքն այդ ձևակերպումները շարունակաբար լսել է, ըստ որոնց՝ նրանք պատրաստ չեն ստորագրելու և վավերացնելու խաղաղության համաձայնագիրը, որը նախաստորագրել են, եթե Հայաստանը չփոխի Սահմանադրությունը։
«Կարծում եմ, որ Հայաստանի Սահմանադրությունը ներքին հարց է, ներքին թեմա է, որը վերաբերում է Հայաստանին։ Հավանաբար, հանրաքվե կունենանք Սահմանադրության հետ կապված, բայց սա միջազգային գործընկերների հետ քննարկվելիք հարց չէ, սս մեր ներքին հարցն է»,- ասել է Միրզոյանը։
Բաքուն պահանջում է, որ Սահմանադրությունը փոխվի և Հայաստանի անկախության հռչակագրին հղումը հանվի: Փաշինյանը ավելի վաղ հայտարարել է, որ իր ղեկավարած ուժը կողմ է, որ Անկախության հռչակագրի մասին հիշատակում չլինի նոր Սահմանադրության տեքստում: Նա ն աև հայտարարել է, որ, եթե Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, նորից հանրաքվե կանցկացնեն: