
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ողջունել է նրանց այցը Հայաստան և գոհունակությամբ ընդգծել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։
Պետեր դը Ռուվերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ուրախ է Հայաստանի համար այս պատմական ժամանակահատվածում գտնվել Երևանում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների, Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի ու դրա արդյունքների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և դրա արդյունքում ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունների շուրջ։
Երևանում մայիսի 4-ին տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդել է Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։