
Ապրիլի 23-ին Կենդանաբանական այգու դիմաց տեղի ունեցած շղթայական ավտովթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդին մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ կներկայացվի կալանքի միջնորդություն։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է ՍիվիլՆեթը:
Դատախազը մայիսի 6-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով՝ ավտոմեքենա կամ այլ մեխանիկական տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջների կամ կանոնների խախտման համար, որը մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված խուլիգանության համար, ինչպես նաև 344-րդ հոդվածի 1-ին մասով՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ այդ իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում մեքենա վարելու կամ սթափության զննությունից հրաժարվելու համար։
Համացանցում տարածվել են ապրիլի 23-ին Կենդանաբանական այգու դիմաց տեղի ունեցած շղթայական ավտովթարի տեսանյութերը։ Միջադեպի մասնակիցը 19-ամյա Վարդան Մարկոսյանն է։ Տեսանյութերից մեկում, որը նկարահանվել է մեքենայի սրահից, երևում է, թե ինչպես է երիտասարդը մեծ արագությամբ և չթույլատրված հատվածում վազանց կատարում՝ հայտարարելով, որ մեկ այլ վարորդ փորձում է մրցել իր հետ։ Նա ասում է, թե ցանկանում է «նվաստացնել» այդ վարորդին, սակայն այդ պահին բախվում է կանգառում կայանած հանրային տրանսպորտին։
Դեպքը հանրային լայն արձագանք է ստացել հատկապես այն պատճառով, որ վթարից հետո սոցիալական ցանցերում շարունակել են հրապարակվել երիտասարդի մասնակցությամբ նոր տեսանյութեր, որտեղ նա ոգևորված պատմում է կատարվածի մասին և հեգնում երթևեկության մյուս մասնակիցներին։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ ապրիլի 23-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պահանջների կամ կանոնների խախտման հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Վարդան Մարկոսյանը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վարել է վարորդական իրավունքը կասեցված վիճակում։ Այդ փաստի առթիվ ևս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով։ Երկու վարույթները միացվել են մեկ վարույթում, և նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։