6 մայիսի 2026 - 17:33 AMT
Գրիգորյանն ու Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Երևանում գտնվող Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են օրերս Երևանում անցկացված ԵՔՀ գագաթնաժողովի և Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի կարևորությունը, ինչպես նաև ընդգծել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խրախուսական խոսքերը՝ ուղղված եվրոպական ընկերություններին Հայաստանում ներդրումներ կատարելու վերաբերյալ։

Երևանում մայիսի 4-ին տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդել է Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։